Պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը. Բայրամով


Պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը. Բայրամով
Հունվար 20 11:33 2023

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

 

 

«Վերջին օրերին մենք տեսնում ենք «մանիպուլյատիվ» (չակերտները՝ Tert.am) քաղաքականություն Հայաստանի կողմից, հորդորում ենք խուսափել սխալ դիրքորոշումից։ «Խաղաղության օրակարգի» (չակերտները՝ Tert.am) խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

Նրա խոսքով՝ Հայաստանի հրաժարումը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումից բանակցային գործընթացը փակուղի է մտցրել:

 

«Հայաստանը մոսկովյան հանդիպման նախօրեին հրաժարվեց մասնակցել, դա նույնպես հանգեցրեց բանակցային գործընթացի փակուղու», -ասել է Բայրամովը:

 

Հիշեցնենք, որ հայկական կողմը, որն ի սկզբանե համաձայնել էր մոսկովյան հանդիպմանը, չեղարկել է մասնակցությունը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: