Երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՀՀ ՊՆ


Երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՀՀ ՊՆ
Հունվար 20 11:26 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տակ: Այս մասին Iravaban.net-ի հետ զրուցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

 

«Այրվածքներ ստացած մեկ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար: Հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց նա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

 
 

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: