Ավազակային հարձակում․ զուգարանից օգտվելու պատրվակով՝ քարով հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին ու հափշտակել գումար


Ավազակային հարձակում․ զուգարանից օգտվելու պատրվակով՝ քարով հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին ու հափշտակել գումար
Հունվար 17 12:39 2023

Հունվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին, նրա մոտից գողացել գումարը և դիմել փախուստի, աշխատակիցն էլ արնաշաղախ վիճակում է, գրում է shamshyan.com-ը։

 
 
 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմանում անհայտ անձը նշված փողոցի 43/1 հասցեում գործող «Ռան-Օյլ» բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով բենզալցակայանի աշխատակից, Արարատի մարզի բանկիչ 44-ամյա Գ․ Ս․-ից վերցրել է բանալին, ապա մոտ 30 րոպե փակվել է զուգարանի ներսում։ 

 
 

Լիցքավորող Գ․ Ս․-ն, երբ փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, զուգարանում գտնվող անձը անսպասելի հրել է և գետնին տապալել Գ․ Ս-ին, ապա ձեռքին եղած քարով հարվածել նրա գլխին, հափշտակել նրա մոտ եղած գումարը ու դիմել փախուստի։ 

 

Բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, սակայն վերջինս, ում գլխից արյուն էր հուսում, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

 

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բենզալցակայանի աշխատակցի արյունոտված հագուստները, իսկ զուգարանում՝ արնանման հետքեր։ 

Դեպքի փաստով ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

 
 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։