Panorama.am-ը գրում է.
Այսօր «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում «Պրոֆիլ» հրատարակչությունն ընթերցողի դատին ներկայացվեց միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը։ Գիրքը հրատարակչությունը լույս է ընծայել «Հայացք» մատենաշարի շրջանակներում, որը կյանքի է կոչում՝ համագործակցելով «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի հետ։ Շնորհանդեսին ներկա գրեթե բոլորի համար անսպասելի էր «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ներկայությունը, քանի որ նա մեկ ամիս է շրջափակված Արցախում էր։
«Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանն ասաց, որ Կարեն Բեքարյանը մեկ ամսից ավելի Արցախում էր, ուր գնացել էր իր «Ճոճանակ» գրքի շնորհանդեսին։
«Պարոն Բեքարյանը բոլորիս համար անակնկալ այսօր հաջողացել է վերադառնալ Երևան»,- ասաց Մինասյանն ու հարցով դիմեց Կարեն Բեքարյանին, թե ինչպե՞ս հաջողվեց հասնել Երևան։
Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Շատ դժվար, շատ բարդ, շատ երկար տարբերակով, որը որևէ կերպ կիրառելի չէ ու հնարավոր չէ կանանց, երեխաների տարեցների համար։ Տարբերակով, որով եթե կայացնում ես այդ որոշումը, ինքդ ես պատասխանատու քո որոշման համար իր բոլոր ռիսկերով հանդերձ։ Սա այն պարագայում, որ Արցախի Հանրապետության կառավարությունը հնարավորն ու անհնարն է անում, այդ թվում օգտագործելով նաև գործընկերային կապը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, ապահովելու ընտանիքների վերամիավորումը, ապահովելու Հայաստանի բնակչության, օտարերկրյա քաղաքացիների վերադարձը, ովքեր եղել են այնտեղ իրենց գործերով ու արդյունքում ընկել շրջափակման մեջ»։
Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում կայացել է «Ճոճանակ» գրքի առաջին շնորհանդեսը, դեկտեմբերի 12-ի առավոտյան պետք է վերադառնային ու ընկել են շրջափակման մեջ։

Իսկ թե ո՞րն է եղել նման արկածախնդիր եղանակով Հայաստան վերադառնալու դրդապատճառը։
«Բոլորս վերջիվերջո պետք է գիտակեցնեք, որ Արցախի թիկունքին չկանգնելու պարագայում մենք ոչ միայն մեզ չենք ներելու, մեր սերունդները մեզ չեն ներելու։ Այստեղից գալիս է շատ արդիական խնդիր՝ որտեղ ես ավելի պետքական՝ հաշվի առնելով բոլոր պլյուսներն ու մինուսները։
Վստահ եմ, որ Արցախի, Արցախի մեր հայրենակիցների համար պայքարի դրոշակակիր պետք է լինի նաև Հայաստանը բառի ամենալայն իմաստով։ Կոնկրետ իմ դեպքում, ես այնտեղ լինելու ընթացում եկա նրան, որ շատ ավելի արդյունավետ և օգտակար կարող եմ լինել Երևանում հենց այս նույն հարցի առնչությամբ»։
Արմեն Մինասյանի հարցին՝ թե պարտությունը դեռ ինչքա՞ն պետք է տևի, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Պարտությունն ավարտվելու համար մենք գործ ունենք մի քանի անհրաժեշտ պայմանների հետ, որոնք կարող են բավարար չլինել, քանի որ ամեն ինչ այնքան է խորացվել, դիրքերը հնարավորինս այնքան են հանձնվել, խոսքը ռազմական հենակետներին չի վերաբերվում, այլ բոլոր ուղղություններին՝ դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, անվտանգային, ռազմական և այլն, համբերատար, ատամներներս սեղմելով պայքարենք ու հասնենք անտարբերության այս աստիճանի կործանարար վիճակի ջախջախմանը, կազմաքանդմանը։ Այն անտարբերությունը, որի մեջ մտցրեցին մեր հանրությանը նպատակաուղղված և ծրագրված, սա ինքնաոչնչացման բանաձևն է։ Մենք պետք է կարողանանք որպես անհրաժեշտ պայման այս անտարբերության, իրարից բխող վտանգը ջախջախել։
Երկրորդ անհրաժեշտ պայմանն է, որպեսզի Հայաստանն ունենա իշխանություններ, որոնք շարժվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային և պետական շահերով։
Երրորդ, իհարկե, կապ ունի միջազգային կոնյուկտուրան»։










