Օլիգարխներից և մեծահարուստ նախկին պաշտոնյաներից ում ինչպես է «պատժել» Նիկոլ Փաշինյանը


Օլիգարխներից և մեծահարուստ նախկին պաշտոնյաներից ում ինչպես է «պատժել» Նիկոլ Փաշինյանը
Հունվար 13 22:17 2023

Նիկոլ Փաշինյանն ու թիմը հեղափոխությունից հետո տարբեր առիթներով հիշատակում էին նախկին պաշտոնյաների կողմից իրականացված «թալանը» և հավաստիացնում, որ այդ գումարները լումա առ լումա վերադառնալու են պետական բյուջե: Այդպես եղավ, թե ոչ՝ դժվար չէ կռահել, համենայնդեպս, նախկին պաշտոնյաների կողմից պետությանը փոխհատուցած, վերադարձրած գումարների կողքին բավական ուշագրավ են նաև այն գումարները, որոնք վերջիններս ստացել են պետությունից՝ մեկ անձից գնումների, շահած տենդերների, արտոնությունների տեսքով:

 

Ըստ ՀՔԾ-ի՝  հարկեր չվճարելու տեսքով պետությանը 30  միլիոն դրամ էր վերադարձել «ՄԱՊ» ընկերությունը։ Այս փաստը բացահայտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից Աիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։ «ՄԱՊ»-ը գինի, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն է, ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է։   «ՄԱՊ» գինու և կոնյակի գործարանը մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ-ին` որպես նվիրատվություն: 

 
 

 ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Արդյունքում «Ալեքս Հոլդինգի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պետությանն է վերադարձրել 5.2 միլիարդ դրամ: Վատացե՞լ են արդյոք դրանից հետո Ալեքսանյանի գործերը: Բնավ: Կառավարությունը 3 տարվա ընթացքում 2 միլիարդ դրամի արտոնություն է տրամադրել  Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը: Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարությունը պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։

 
 

ՊԵԿ-ը Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից տարածք է վարձակալում դեռեւս 2012 թվականից, համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2020 թվականը։ 2012 թվականից սկսած ՊԵԿ-ը, ըստ Շողերինա Մկրտչյանի հետ կնքած պայմանագրի, տարածքի (տարածքի սեփանակատերը Շողերինա Մկրտչյանն է) վարձակալության համար ամսական վճարել է 6,9 միլիոն դրամ։ Տարածքը գտնվում է Արշակունյաց պողոտա 127/21 հասցեում, այս նույն հասցեում է գործում «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատունը։ 4561.0 հեկտար, 24.0 եւ 36.5 հեկտար տարածքների վարձակալության պայմանագիրը կնքվել է 12.05. 2012-ին` հինգ տարի ժամկետով։ Այս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 200 հազար դրամ։

 

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ նույնպես քրեական գործ էր հարուցվել, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ամիսներ անց կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանի որդիների ընկերությունը՝ «Գրին Ֆարմեր»-ը ազատվեց 660 միլիոն դրամ արժեքով ապրանքների ներմուծումից, ԱԱՀ-ի վճարն էլ երեք տարով հետաձգվեց:

 
 

Հաջորդ քրեական գործը վերաբերվում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը: Միևնույն ժամանակ օրինակ Պաշտպանության նախարարության վառելիքի ամենախոշոր մատակարարը շարունակում է մնալ «Ֆլեշ» ընկերությունը։ 2019-ին անցկացված մրցույթներում այն ՊՆ-ի հետ կնքել է բենզինի (1 մլրդ 617 մլն դրամ) և դիզելային (ձմեռային) վառելիքի մատակարարման պայմանագրեր (563 մլն դրամ)։

 

Ավելին՝ Lurer.com