Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում նախապես հայտարարած հանրահավաքը հետաձգելու մասին։
«Այսօր առավոտյան ես ասացի, որ մենք երկար ճանապարհ ենք գնալու եւ ասացի, որ վաղը Ստեփանակերտում հանրահավաք ենք անելու։Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ»,- ասել է Վարդանյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Նա նշել է, որ քննարկումներից հետո որոշել է վաղը գնալ Մարտակերտ, հաջորդ օրը՝ Մարտունի, ապա Ասկերան։ Նախատեսվում են հանդիպումներ բնակիչների հետ ու անկեղծ զրույց, որից հետո, ինչպես նշեց Վարդանյանը, պարզ կլինի, թե ինչպես կազմակերպեն հանրահավաքը Ստեփանակերտում:
«Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա»,- ընդգծել է պետնախարարը։










