Գլխավոր դատախազությունը՝ Ղրիմի կամուրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին


Գլխավոր դատախազությունը՝ Ղրիմի կամուրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին
Հոկտեմբեր 12 14:05 2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկություններին, համաձայն որոնց Ղրիմի կամուրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև ՀՀ քաղաքացի է։

 
 

«Ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

 

Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

 

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

 

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: