Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին՝ ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։
168.am-ի հետ զրույցում Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց՝ այս պահին հավելյալ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ դեռ չի ստացել դատական ակտը:
Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:
ԲԴԽ-ն շատ արագ թույլատրեց և քրեական հետանդում սկսել դատավորի նկատմամբ, և կալանավորել: Եվ սա այն դեպքում, երբ հետագայում անգամ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, չմիջնորդեց նրա կալանքը երկարացնել:
Հետաքրքիր է՝ ինչպես են հիմա իրենց զգում ԲԴԽ անդամները, ովքեր միաձայն դատավորին «փուռը տվեցին»:
Հատկապես հետաքրքիր է ԲԴԽ դատավոր անդամների կարծիքն իրավիճակի վերաբերյալ, ովքեր այնքան հեշտությամբ, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում որոշեցին կալանքի թույլտվություն տալ 3 մանկահասակ երեխաների տեր իրենց գործընկերոջը:










