Դիպուկահար Սուսաննա Գրիգորյանի տանն առաջինը մեզ դիմավորում է Լիլուն` Սուսաննայի շունը։ Նա գալիս է դարպասների մոտ, հոտոտում մեզ ու չնայած պոչն ընկերաբար աջ-ձախ է խաղացնում, բայց թողնում-հեռանում է։ Լիլուն սեպտեմբերի 14-ին ողջ օրը ոռնացել է` հենց այդ օրն էլ Ջերմուկում զոհվել է Սուսաննան. դրանից հետո շունը մարդկանց հոտոտում է, բայց չի խաղում հետները...Գրում է․ Armeniasputnik.am-ը Սուսաննայի տունն Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում է` բնակելի հատվածից կտրված մի տեղ։ Տունը Սուսաննային չի պատկանում` ընկերներից մեկն է տվել, որ այնտեղ ապրի։ Սուսաննան իր ձեռքով է շինությանը դուռ-պատուհան դրել, ջուր քաշել, տանիք կապել, ներսի պատերը ներկել։ Տան պայմանները, սակայն, հեռու են այնպիսին լինելուց, որին արժանի է բոլոր պատերազմներին մասնակցած կինը։










