Օրվա գլխավոր խնդիրն ազգային համախմբման կայացումն է, իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը․ Լևոն Տեր-Պետրոսյան


Օրվա գլխավոր խնդիրն ազգային համախմբման կայացումն է, իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Սեպտեմբեր 26 22:53 2022

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում խոսել է օրեր առաջ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցած նախագահների հանդիպման մասին, որին մասնակցել էին Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։

Նա նշեց, որ հանդիպման մասին պայմանավորվել են սեպտեմբերի 18-ին՝ Կաթողիկոսի այցից հետո, իսկ եթե հանդիպումները շարունակվեն, Գարեգին Բ-ն մտադիր է նաև հրավիրել Արամ Ա Կաթողիկոսին։

 

Խոսելով հանդիպման արդյունքների մասին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքը բացարձակապես թևաթափ չի եղել, իսկ հանդիպումից առաջ կազմել ու ներկայացրել է հանդիպման մասին հրապարակվելիք հաղորդագրության տեքստը, որն էլ Տեր-Պետրոսյանն ընթերցեց եթերում։

«Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ըննդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»․-ասված է եղել Տեր-Պետրոսյանի պատրաստած տեքստում։

Հարցին, թե ո՞վ էր դեմ այդ հայտարարությանը, Տեր-Պետրոսյանը չպատասխանեց, նշելով, որ դա դա ներքին խոսակցություն է և խորհրդապահությունը կարևոր է։

 «Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին, այնպիսի պահ է, որը պահանջում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,-ասաց ՀՀ առաջին նախագահը։



loading...