Երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս անցած տարի հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է նվազեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, բոլորը սկսեցին փնտրել պահանջողներին։ Հաջորդող ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ապացուցեց, որ «միջազգային հանրություն» ասելով՝ նկատի ուներ առաջին հերթին ու առավելապես՝ Ադրբեջանին, որի՝ Արցախից ամբողջությամբ հրաժարվելու պահանջը կատարելու պատրաստակամության մասին հայտարարում է բոլոր առիթներով ու բոլոր ամբիոններից՝ սկսած ՀՀ Ազգային ժողովից ու ՊՆ բունկերից՝ մինչև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոն։
Նիկոլ Փաշինյանը խաղում է բաց քարտերով։ Այլևս առանց որևէ ձևականության նա ցույց է տալիս, որ պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները։ Ընդ որում, այնքան նախանձախնդիր է այդ հարցում, որ առաջ ընկնելով՝ Ալիևին խնդրում է ներկայացնել Հայաստանի՝ իր պատկերացրած քարտեզը։ Մարդը, ով կատարել ու շարունակում է կատարել Ալիևի բոլոր պահանջները, հիմա նրանից խնդրում է քարտեզ, որը կամայականորեն կարող է լինել առանց Հայաստանի որևէ բնակավայրի կամ բնակավայրերի։ Եվ դժվար չէ պատկերացնել տեսարանը՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը կոկորդ պատռում Ազգային ժողովում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պահանջում էր Վարդենիսի ամբողջ շրջանը, բայց իրեն հերոսաբար հաջողվել է փրկել մի ամբողջ քաղաք ու ևս երեքուկես գյուղ։
Նշաձողի իջեցման մասին Նիկոլ Փաշինյանի դատողությունն իրականում առանցքային է ու հայեցակարգային։ Այդ արտահայտությամբ նա ուղերձ է հղել, որ հղվողներն ամբողջությամբ չեն ընկալել։ Եվ խոսքն ամենևին Արցախի կամ ոչ միայն Արցախի մասին է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության նշաձողի իջեցմամբ, և դա անում է այնքան մեծ էնտուզիազմով, ինչպես վարվում է առաջին պատահած բրդուճի հետ։
Նիկոլ Փաշինյանն իջեցրել է նշաձողերը պետության ու հասարակության կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր համակարգերում ու ոլորտներում։










