Նարեկ Արմանի Բադալյանը Արցախյան վերսկսված պատերազմի մասնակից է, ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ։ Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքում։ Նարեկն ընտանիքում ավագ որդին է, ունի 18-ամյա քույր և 12 ամյա եղբայր։
2007-2008 ուսումնական տարում սովորել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում։ Իսկ 2008թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել և առ այսօր ապրում են Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում։ Սույն թվականից ուսումը շարունակել է «Ծաղկալանջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, ուր սովորել է մինչև 2019թվականը։ Նարեկը դպրոցում` հատկապես տարրական և միջին դասարաններում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն՝ արժանանալով գովասանագրերի։ Ունենալով օրինակելի վարք և աչքի ընկնելով կազմակերպչական հարցերում, Նարեկը մասնակցել է դպրոցում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների։ Նարեկը սիրում էր մասնակցել հատկապես հայրենասիրական բնույթի միջոցառումների։ Նա եղել է նաև ՀՀ ԵԿՄ «ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ» ակումբի անդամ և արժանացել «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչմանը։
Ավարտելով դպրոցը 2020 թ. հունվարի 7-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ՊՆ 55035 զորամաս (Շիրակի մարզ,Գյումրի)։ Սույն զորամասի հրամանատարությունը Նարեկի ծնողներից հատուկ Շնորհակալագրով շնորհակալություն է հայտնել, վերջինիս հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու և հայոց բանակի շարքերը համալրելու համար։ Վերոնշյալ զորամասում 6ամիս ծառայելուց հետո, ստանալով կրտսեր սերժանտի կոչում, 2020թ. հուլիսի 3-ին տեղափոխվել է Ստեփանակերտի «Ցոր» զորամաս, ծառայությունը շարունակելու նպատակով։ Այստեղ ևս Նարեկը շարունակում է անձնվիրաբար ծառայել հայրենիքին։
Բայց ահա ամեն ինչ փոխվեց, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին վերսկսվեց Արցախյան պատերազմը։ Նարեկը սկզբում մասնակցել է Հադրութի, ապա Քարինտակում ընթացող ռազմական գործողություններին: Նա պատերազմում աչքի է ընկել իր անվախությամբ, անձնուրաց հերոսությամբ, խոցելով հակառակորդի 3 տանկ։ Վերջինս նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում ընթացող համառ մարտերում հակառակորդի կողմից ոտքի հատվածում ստացել է վիրավորում։ Ապա մնալով հակառակորդի շրջափակման օղակում, զգալով գերի ընկնելու վտանգը, վերջին փամփուշտով կնքում է իր անմահությունը՝ 2020թ.նոյեմբերի 7-ին, 19 տարեկան հասակում:
Դու կռվեցիր հերոսաբար,
Ու քո մահով անմահացած,
Քեզ հազար փա’ռք, հազար օրհնա’նք…
Նարեկը վիրավոր վիճակում զանգահարել է եղբորը`(հորեղբոր որդուն) և հրաժեշտ տվել։ Իսկ մենք Նարեկին հրաժեշտ ենք տվել նոյեմբերի 18-ին, հայրենի Ծաղկալանջ գյուղում, բարձրունքի վրա ` հանձնելով հողին։
Պատերազմն այս անգամ ևս կերտեց իր արիասիրտ ու քաջակորով հերոսներին։ Այդ հազարավոր ՀԵՐՈՍՆԵՐ-ից մեկը Դու ես` ՆԱՐԵԿ։
Առասպելական հրամանատարի կերպարը քեզ համար դարձրեցիր իդեալ, սրբազան գաղափար, այն է` անձդ նվիրի’ր հայրենիքին։ Իսկ դրա համար հարկավոր է ունենալ կորով ու եռանդ, անվարան վճռականություն, անսասան կամք ու քաջություն։ Իսկ այդ ամենով օժտված ես
Դու.
Մեր քաջ հայորդի,
Մեր ՀԵՐՈՍ ՆԱՐԵԿ…










