Ռազմագերիներից ո՞ւմ արտահանձնումն է հատկապես պահանջել Պուտինը. Էրդողանը գաղտնիք է բացել


Ռազմագերիներից ո՞ւմ արտահանձնումն է հատկապես պահանջել Պուտինը. Էրդողանը գաղտնիք է բացել
Սեպտեմբեր 23 18:16 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գերիների փոխանակումից հետո ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը մեկնել է Ռուսաստան: Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ չգիտի, թե որտեղ է գտնվում Մեդվեդչուկը, գրում է kommersant.ru-ն:

«Գերիների փոխանակման ժամանակ մենք ունեցել ենք 200 անուն։ Մենք ունենք նրանց բոլորի անունները: Նրանք բոլորը մեր հյուրերն են։ Պուտինը շեշտը դրել էր նրանցից մեկի վրա (Վիկտոր Մեդվեդչուկ՝ «Կոմերսանտ»): Մենք նրան ուղարկել ենք Ռուսաստան։ Մենք վճռականորեն շարունակում ենք գործընթացը»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Սեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական կողմը հայտարարել է, որ ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին հանձնել է Ռուսաստանին՝ ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Ազովի գնդի (ՌԴ-ում արգելված) հրամանատարների դիմաց։

Ավելի ուշ Վիկտոր Մեդվեդչուկի փոխանակման փաստը հաստատել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Կրեմլը մի քանի անգամ հրաժարվել է մեկնաբանել փոխանակումը։

Վիկտոր Մեդվեդչուկը Գերագույն ռադայի պատգամավոր է, ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար: Նրան հաճախ անվանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «քավորը»։ Մեդվեդչուկը տնային կալանքի տակ էր 2021 թվականի մայիսից։ Ուկրաինայի իշխանությունները պնդում էին, որ 2022 թվականի փետրվարին նա փախել էր և թաքնվում էր, ապրիլին նրան բերման էին ենթարկել։ Մեդվեդչուկը միշտ կողմ է եղել խաղաղությանը, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը։



loading...