Անհրաժեշտ է զսպել Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը. Արարատ Միրզոյանը՝ Հորդանանի փոխվարչապետին


Անհրաժեշտ է զսպել Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը. Արարատ Միրզոյանը՝ Հորդանանի փոխվարչապետին
Սեպտեմբեր 23 12:19 2022

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ:

 

ԱԳՆ-ից Armday.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։

 

 

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում  վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

 

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը:

 

Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը։