Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն «գծագրել է» հաջորդ ռազմական ագրեսիայի ճանապարհը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն «գծագրել է» հաջորդ ռազմական ագրեսիայի ճանապարհը
Սեպտեմբեր 22 15:40 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն "գծագրել է" հաջորդ ռազմական ագրեսիայի ճանապարհը։ Երեկ Բերձորում (Լաչինում) նա բողոքել է, որ հայկական կողմը չի կատարում իրենց բաղձալի, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասով պարտավորությունը։ Ըստ Ալիևի՝ իրենք արդեն կառուցել են երկաթուղին ու ճանապարհը դեպի Կովսական (Զանգելան) և մյուս տարվա ավարտին երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները կմոտեցնեն Հայաստանի սահմանին, սակայն, հակառակորդ երկրի ղեկավարի պնդմամբ՝ Հայաստանն իր տարածքում ոչինչ չի անում ու գործընթացը ձգձգում է։ Այն, որ հայկական կողմը 2020-ի պատերազմից հետո ընտրել է նախկինների գործելաոճը՝ ձգձգել-տեսնենք ինչ կլինի, այդտեղ կասկած չկա, բայց այս ամենը հուշում է այն մասին, որ ինչ-ինչ պայմանավորվածություններ նախնական ձեռք են բերվել ու Ադրբեջանը ատամները սրած դրանք կատարում է, որ հետո մեզ մեղադրի և ուժային մեթոդի դիմի։ Մյուս կողմից այս ամենը շատ նման է Բերձորի այլընտրանքային ճանապարհի պատմությանը, երբ Ադրբեջանը անգամ Արցախի տարածք էր մտել, աշխատանքներ իրականացրել, ճանապարհը մոտեցրել մեր սահմանին, իսկ հայկական կողմը պնդում էր, թե նույնիսկ պլանը չկա՝ միաժամանակ ափալ-թափալ սկսելով կառուցել ճանապարհը։ Հիմա հարց է առաջանում․ իշխանությունը կկարողանա՞ այնպես անել, որ նույնը չկրկնվի արդեն Սյունիքում, իսկ ավելի կոնկրետ մեր հարավային սահմանում։
Վստահ եմ, նրանք ամեն գնով դա կանեն, ի վերջո, 2021-ին ձեզ ոչ թոշակի բարձրացում, ոչ էլ թազա ասֆալտ են խոսք տվել, անգամ այս անգամ չեն էլ ասել, որ երկրում կապրեն երջանիկ անհատներ, հանրությունը կլինի հոգատար, իսկ պետությունը հզոր (ինչպես 2018-ին խոստացան ու "արեցին"), նրանք եկել են բացառապես խաղաղություն ու կայունություն բերելու, եկել են նաև խոստումով, որ ապաշրջափակում կլինի, իհարկե, ոչ միջանցքային տրամաբանությամբ, բայց կլինի, գնացքը կնստեք ու Ադրբեջանով կգնաք Ռուսաստան։ Եթե չեն կարող, հոգ չի, մի կերպ կդիմանա հանրությունը, այսքան "լավություն են" արել, թող գնան իրենց գործերով, վստահ եմ՝ Վահագն Ալեքսանյանը, Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ինչպես նաև հանրային ընդվզման "բոցից" վեր խոյացած ու մեծ դժկամությամբ, զրկանքներով ու տանջանքների գնով իշխանության աթոռները զբաղեցրած ՔՊ-ականները, իրենց գործի լավագույն մասնագետն են, աթոռից ամենևին կառչած չեն ու երբ էլ դուրս գան, "ձեռից ձեռ կխլվեն"։
 


loading...