«Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին»․ Արմեն Խաչատրյան


«Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին»․ Արմեն Խաչատրյան
Սեպտեմբեր 22 11:56 2022
Սիրելի՜ հայրենակիցներ,
 
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից։
Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել, ՌԴ սահմանապահները որևէ տարածք չեն գնել և չեն էլ կարող գնել։
Պարզվել է, որ խոսակցությունների համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Շվանիձոր համայնքին պատկանող այգեգործական մի շարք հողամասեր գտնվում են սահմանային գոտում, իսկ սահմանային գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից ստանալ անցագրեր։
Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։
Փաստորեն ամեն տարի կրկնվող նոր անցագրերի ստացման գործընթացը տեղիք է տվել տարաբնույթ խոսակցությունների և տեղեկությունների տարածմանը։
Հ.Գ. Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. սա ապացուցված է տասնամյակների պատմությամբ։ Բացի այդ, նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո։