Բաքուն փորձում է ուժի սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին. Արարատ Միրզոյանը՝ ՄՃԽ նախագահին


Բաքուն փորձում է ուժի սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին. Արարատ Միրզոյանը՝ ՄՃԽ նախագահին
Սեպտեմբեր 22 11:53 2022

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ  Կոմֆորտ Էրոյի հետ:

ԱԳՆ-ից Armday.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիային։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, ինչը տորպեդահարում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների կողմից անաչառ և հասցեական արձագանքի կարևորությունը։