Մարդու իրավունքների կեղծ «պաշտպանները»՝ մինչև հեղափոխությունը և այսօր


Մարդու իրավունքների կեղծ «պաշտպանները»՝ մինչև հեղափոխությունը և այսօր
Սեպտեմբեր 21 21:40 2022

Ասել, որ այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը ամոթալի էր և անթույլատրելի, նշանակում է ոչինչ չասել: Նիկոլ Փաշինյանին զոհվածների հարազատներից պաշտպանելու համար որդեկորույս ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը խայտառակություն էր, անգամ այս որակի իշխանությունների համար:

Սակայն, ուշագրավ է, որ ժամանակին՝ կանանց իրավունքների համար իրենց պատառոտող մի շարք ներկայիս պաշտոնյաներ այսօր լռում են` անգամ չցանկանալով մեկնաբանել այն վայրագությունները, որոնք կատարվեցին օրը ցերեկով հերոս տղաների մայրերի հանդեպ, մայրերի, ովքեր մեր երկրին են տվել ամենաթանկը և արժանի են հարգանքի, անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն և ինչպես են վերաբերվում Փաշինյանին և իր թիմակիցներին:

 

Ժամանակին կանանց իրավունքների պաշտպան էր իրեն հռչակել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը: Նա անչափ ծանր էր տանում, երբ Սերժ Սարգսյանի հրամանները կատարող ոստիկանությունը թեկուզ թեթևակի հրում էր կին ցուցարաներին: Նամակները տարատեսակ դեսպանատներ՝ պատրաստ էին լինում հենց նույն վայրկյանին: Օպերատիվություն և սրտացավություն, որից, ցավոք, զրկված է այսօր այն Լենա Նազարյանը, ով ներկայացնում է արդեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական թիմը: 2019 թվականին նույն Լենա Նազարյանը հայտարարում էր, որ կանանց խնդիրները այլևս անտեսելու իրավունք չունենք: Մոռացե՞լ է Նազարյանը իր անցյալը, թե պարզապես չի ցանկանում հիշել, այսպես ասած՝ ձեռնտու չէ:

 
 

Լռում է նաև ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով ընդհանրապես ոչ միայն անցյալի այլև ներկա պաշտոնի բերումով էր պարտավոր առաջինը արձագանքել և քայլեր ձեռնարկել, որպեսզի հերոսածին մայրերի հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառած անձինք հայտնաբերվեն և պատժվեն: ՄԻՊ-ը արձագանքեց, սակայն, հանրային լայն պահանջ ձևավորվելուց հետո միայն: Շտապողականության բացակայությունը հասկանալի է. ՄԻՊ-ի համար այժմ կան այլ առաջնահերթություններ՝ ԼԳԲՏ գրասենյակներ է բացում Երևանում, իսկ  ազատ ժամանակ կասկածի տակ է դնում հայ կնոջը մասնատած ադրբեջանցի զինծառայողների մեղավորությունը` այն տանելով ենթադրությունների դաշտ: Ահա այպիսի կարևոր զբաղմունք ունի այսօր ՀՀ ՄԻՊ-ը, ինչը ոչ պակաս խայտառակություն է, քան զոհված տղաների մայրերին ասֆալտին փռելով քարշ տալը:

Սա թերևս այն ամենն է, ինչ պետք  է իմանալ իրենց կանանց և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպաններ հռչակած նախկին ընդդիմադիր , ներկայիս պաշտոնյաների և իրենց երկակի ստանդարտների մասին...



loading...