Սա բռնություն չէր, սա կոշտ վերաբերմունք է. իշխանական պատգամավորները՝ Եռաբլուրում կատարվածի մասին


Սա բռնություն չէր, սա կոշտ վերաբերմունք է. իշխանական պատգամավորները՝ Եռաբլուրում կատարվածի մասին
Սեպտեմբեր 21 14:17 2022

Այսօր առավոտյան Եռաբլուրում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել զոհվածների ծնողների նկատմամբ, ինչի արդյունքում 2 կին վնասվածքներ են ստացել:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծիք հայտնեց, թե  Եռաբլուրում այսօր տեղի ունեցածը բռնություն չէ.

 

«Ոչ, դա ժողովրդավարության կանոնների կոպիտ խախտում չէ: Ուղղակի իրավապահ մարմինները կատարել են իրենց պարտավորությունները, որ այդ մայրերը չփորձեն խանգարել վարչապետի մուտքը Եռաբլուր: Ինչ-որ մեկը չի կարող էդպիսի նպատակ ունենալ և էդպիսի բան իրականացնել: Հետևաբար ոստիկանության և իրավապահ մարմինների կարևորագույն ֆունկցիան այն է, որպեսզի դրա դեմն անռեն էլի»:

 
 

Թե արդյոք գործի դրված բռնությունը չի խանգարում ժողովրդավարությանը, Աղազարյանը կարծիք հայտնեց, թե սա բռնություն չէր.

«Սա բռնություն չէր, սա կոշտ վերաբերմունք է էն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են խախտել պետական արարողակարգով նախատեսված միջոցառումը»:

Ւշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ ասաց.

 

«Ես կարծում եմ՝  պետք է ցավ հայտնեմ, որ մեր զոհվածների ծնողները, որոնք ամենայն հարգանքի են արժանի, տրվել են սադրանքների և հայտնվել մի վայրում, որտեղ իրենք պետք է խուսափեին գնալ: Իրենք չպետք է փորձեին խանգարել պետական արարողակարգի իրականացմանը, որի համար ես շատ ցավում եմ, և դա որևէ կապ չունի ժողովրդավարության հետ: Ես համոզված եմ՝ նրանք տրվել են սադրանքի, իրենց անձնական նախաձեռնությունը դժվար դա լիներ: Երևում են կադրերից, որ սադրիչներ կան: Ցավում եմ այդ ամենի համար, և պետք չէ կարմիր բերետավորներին թիրախ սարքել»:

 
 

Հարցին, թե Եռաբլուրում կատարվածը անձամբ ինքը չի համարում բռնություն, Խաչատրյանն անպատասխան թողեց հարցը և ասաց.

 

«Ես նկատի ունեմ, որ Եռաբլուրում անպարկեշտ մարդիկ սադրանք են կազմակերպել և ներքաշել ծնողներին, որոնց զգացմունքների հետ չի կարելի խաղալ»:

Արդյոք իշխանությունը բաժանարար գծեր դնում  է զոհված այն ծնողների միջև, որոնք իշխանությանն են սատարում և նրանց, ովքեր դեմ են իշխանությանը, Խաչատրյանը վստահեցրեց, թե նման բաժանում արված չէ:

 

«Չկա նման բան, բայց նման մտքեր արտահայտող մարդկանց ձեռագիրը հայտնի է մեզ: Ամեն ինչ անում են, որ հասարակությանը պառակտեն, այն դեպքում, երբ մեզ հիմա խիստ անհրաժեշտ է համախմբվել: Եվ այս սադրանքը հերթական փորձն էր պառակտել հասարակությանը, վստահ եմ՝ դա իրենց չի հաջողվելու: Եվ մեր ժողովուրդը համախմբվելու է այս շատ հետաքրքիր և ծանր պահին պետության շուրջ»:

Հայաստանում այսօր հաստատված է ժողովրդավարություն, թե ոչ, Խաչատրյանի խոսքով ժողովրդավարությունն անընդհատ մարտահրավերներ ունի, ինչի պատճառով չի կարող համարվել կատարյալ.

«Ժողովրդավարությունը կատարյալ չի լինում, և իհարկե ժողովրդավարության հաստատման փուլում է Հայաստանը, և փուլը վերջ չունի, անընդհատ նոր մարտահրավերներ են լինելու: Այսպիսին է ժողովրդավարությունը»:

Լուսինե Ալեքսանյան