Մարտունիում լրտեսական խմբեր չեն հայտնաբերվել. բնակչությունը ապատեղեկատվություն է տարածել


Մարտունիում լրտեսական խմբեր չեն հայտնաբերվել. բնակչությունը ապատեղեկատվություն է տարածել
Սեպտեմբեր 20 14:29 2022

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում բնակիչներից մեկի տուն մի կին է գնացել, ներկայացել որպես մուրացկան, օգնություն խնդրել: Բնակիչներից մեկի խոսքով սկզբում կասկածելի չեն համարել, այնուհետև երբ սկսվել է պատերազմը, կասկածել են:

«Պատերազմից մի 2 օր առաջ էր, էդ կինն երևաց, մուրացկան էր, տարիքով կին, պատերազմից մի քանի օր հետո էլի էկավ նույն էդ կինը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վաղաշեն գյուղի բնակիչներից Գ. Ա.-ն:

 

«Սկեսուրս լոբի էր հավաքում, որի ժամանակ այդ մուրացկան կինը հայտնվել ա և ասել, թե ինձ լոբի տուր: Սկեսուրս  ասաց՝ մեկ էլ գլուխս բարձրացրի, տեսա չկա: Մյուս թաղով գնացել էր: Ձեռքին մանր-մունր բաներ էլ կային, մի քիչ սխտոր, ձավար, կանաչ լոբի: Թե հիմա ով էր, չգիտենք: Էրեկ էլ Լիճքում ասեցին լրտեսներ են եղել, զանգեցինք, ասում են՝ սոցհարցում են արել: Էս դեպքը, որ լսեցինք, սկսեցինք կասկածել, վիճակն էլ, որ էսպես ա, մտածեցինք հնարավոր ա ինքն էլ ա  լրտես»: 

Այսօր Ոստիկանության Մարտունու բաժնի պետ, գնդապետ Ստեփան Հակոբյանը Mediahub-ի հետ զրույցում ասել է, որ այդ կանայք սուրճի գովազդով զբաղվող կանայք են եղել.

«Այդ կանանց հետ կազմել ենք զրույցի տեղեկանք, թե ինչ գործունեություն են ծավալել, ինչու են մտել քաղաքացիների բնակարաններ։ Իրենք էլ ասել են, որ ընդամենը «Ռոյալ» սուրճի գովազդով են զբաղվում»:

Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանն էլ ասաց.

 

«Ոստիկանությունը տեղեկացված է դրանից, ոստիկանության համար արդեն պարզ է, թե ովքեր են եղել: Ոչ ոք չի կարող ասել՝ դրանք դիվերսիոն խմբեր կամ լրտեսներ են, թե չէ»:

 
 

Նշենք, որ լրագրող Նաիրի Հոխիկյանը նույնպես անդրադարձել է շրջանառվող լուրերին և այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ բնակչությանը հորդորելով ապատեղեկատվություն չտարածել: