ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման համար առաջարկներ է մշակել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«Այսօր ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի արդյունքների շուրջ։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը գլխավորում է առաջապահ խումբը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրահանգումների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։
Տեղի է ունեցել մտքերի անկեղծ, կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկները միտված են առկա լարվածության նվազեցմանը»,- նշել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
ՀՀ ՊՆ-ում հանդիպումից հետո, ըստ ներկայացված տեղեկատվության, ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը մեկնել է Մոսկվա։










