Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել ու լրացրել է ԳՇ պետին. ԱԺ նախագահի խոսնակ


Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել ու լրացրել է ԳՇ պետին. ԱԺ նախագահի խոսնակ
Սեպտեմբեր 17 17:53 2022

Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբերի մասին տեղեկությունը բաց աղբյուրներից է, որին մեկ անգամ ևս անդրադարձել է Ալեն Սիմոնյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցին, որում նա հայտարարել էր. «Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, եւ ենթադրում եմ, որ շատ արագ»,– նշել է Սիմոնյանը։

Որոնողական աշխատանքներն ի՞նչ արդյունք են տվել, պաշտպանության նախարարությանը հաջողվե՞լ է գտնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Այս հարցերի պարզաբանման համար դիմեցինք Պաշտպանության նախարարություն, որտեղից ուղղորդեցին դիմել ԱԺ–ի նախագահի խոսնակին։ ԱԺ նախագահի խոսնակն էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանն ընդամենը Գլխավոր շտաբի պետի երեկ արված հայտարարության մասին ավելի բաց է խոսել։