Ադրբեջանական ռեսուրսներից ու տեսանյութերից այս պահի դրությամբ կարողացել ենք նույնականացնել 20 գերիներ, հասկանալի է, որ թիվն ավելին է, բայց քանի որ մենք չունենք պետություն, այլ ունենք թավշյա հանցագործների խումբ, որոնք որևէ հարցով չեն զբաղվում, նրանց փոխարեն այդ գործն անում ենք մենք՝ հասարակական տարբեր գործիչներ, կազմակերպություններ՝ մեր ունեցած ռեսուրսներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Ծնողները ուղարկում են իրենց որդիների նկարները, տեսանյութերը, ասում են՝ սա իմ տղան է, այդպես կարողանում ենք նույնականացնել, ես այդպես նույնականացրել եմ 18, Սիրանույշ Սահակյանը 20 տղաների, որոնք գերեվարված են, բայց բոլոր տեսանյութերը չեն, որ ադրբեջանցիները տարածում են, ուստի մենք ամբողջական պատկեր չենք կարող ունենալ»,-ասաց Զոհրաբյանը և հավելեց.
«Մենք տեսնում ենք այն զարհուրելի կադրերը, որոնք ադրբեջանական կայքերը տեղադրում են՝գլխատված հայ զինվորի, անարգված, ձեռքներն ու ոտքերը կտրած կին զինծառայողների, իսկ ԱԺ խուլիգան մեծամասնությունը խորհրդարանը վերածել է խրախճանքի, ընդդիմությանը հեգնելու հարթակի։ Տարբեր սեռի խուլիգաններ բերանները բացած ծիծաղում են, բայց ԱԺ ամբիոնից որևէ անգամ չհնչեց, թե ինչ ծանր խոշտանգումների են ենթարկվել մեր գերիները, որևէ ուղերձ չտվեցին միջազգային հանրությանը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է զոհերի թվին, Զոհրաբյանը նշում է, այն, ցավոք, շատ ավելին է, քան Փաշինյանի հրապարակած 135-ը.
«Քանի դեռ ոչ բոլոր դիակներն են տարհանված, ադրբեջանական կողմում ևս դիակներ կան, ակնհայտ է, որ զոհերի թիվը շատ-շատ ավելի մեծ է, ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես գիտի զոհերի թիվը, բայց դոզավորված է ասում հանրությանը, որպեսզի շոկ չառաջանա»,-ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ծնողները պետության վրա հույս չեն դնում, այլ զանգում են այն գործիչներին, ովքեր աշխատում են միջազգային կառույցների հետ և օգնություն են խնդրում.
«Ինձ ուղարկում են երեխաների նկարները և խնդրում են գտնել նրանց, ասում են՝ քանի օր է կապ չունեն իրենց երեխաների հետ, չգիտեն՝ զոհվել է, թե գերի է ըկել, այսինքն կատարյալ անպատասխանատու վիճակ է»,-ասաց Զոհրաբյանը:










