«Երեք մարզում ունենք վնասված բնակելի տներ, որոնք թվով 192-ն են: Դրանցից մոտ 60-ը վնասվել են ամբողջությամբ. օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ և այլ գյուղատնտեսական նշանակության գույք, կենդանիներ: Վնասվել են նաև մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, 2 շտապօգնության մեքենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքների մասին:
Փոխնախարարը դժվարացավ ստույգ հայտնել, թե այս պահի տվյալներով հատկապես որ համայնքն է առավելապես տուժել, բայց եթե խոսքը վերաբերում է մասնավոր տնատիրություններին կամ բնակելի շենքերին, ապա հավանաբար Գեղարքունիքի մարզի համայնքներում վնասվածության աստիճանն ավելի մեծ է:
Նա նշեց, որ հրետակոծության հետևանքով եղել է, որ որոշ համայնքներ հոսանքազրկվել են, ինչը վերականգնվել է, բացառությամբ մեկ համայնքի: Այս պահին խնդիր կա միայն Ներքին Շորժայում և հասկանալի պատճառներով հոսանքի մատակարարումը և դրանով պայմանավորված նաև բջային կապը դեռևս չի հաջողվել վերականգնել:
Իսկ այլ բնույթի ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք կխաթարեին բնականոն կյանքը՝ ճանապարհներ, ջրամատակարարում, չկան: Լոկալ բնույթի վնասներ են, որոնք հընթացս կարգավորվում են:










