Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև․ Արցախի ԱԺ


Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև․ Արցախի ԱԺ
Սեպտեմբեր 14 20:29 2022

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ․

«Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝  ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում  զոհվել և վիրավորվել են  հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով  պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը  հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև:

 

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝  հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

 

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

 

 «Միասնական հայրենիք»

 

 «Արդարություն»

 

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

 

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

 

ք. Ստեփանակերտ

 

14.09.2022թ․