|
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով. «Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճսնապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ: Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից: Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին: Երեկվանից սկիզբ առած հարձակումներն ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է: Հ. Գ. Նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են»: |
«Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են». Արման Թաթոյան
Աղբյուրը` Արման Թաթոյան










