Հերոս Անահիտը՝ հերոսածին Չարդախլուից․ պատմություն սերունդների համար


Հերոս Անահիտը՝ հերոսածին Չարդախլուից․ պատմություն սերունդների համար
Օգոստոս 19 20:40 2022

Անահիտ Մարտիրոսյան - ազատամարտիկ, «Անահիտ» ջոկատի հրամանատար, զինվորական կոչումը՝ փոխգնդապետ։ 

Կին-հերոսապատում, կին-պայքար։ Այսպես կարելի է բնորոշել Անահիտին, որ կրելով հայոց դիցարանի նրբագեղ աստվածուհու անունը՝ ավելի ուշ, Հող Հայրենին պաշտպանելու սրբազան պարտքով պիտի դառնար հայոց ազատագրական նորագույն շարժման նորօրյա աստվածուհի, ռազմի՛, հայ դատի՛ աստվածուհին։ 

Եվ ամենևին պատահական չէ, որ Անահիտը ծնվել է հերոսածին, լեգենդար Չարդախլու գյուղում (Խաչիսար,պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառ, Ադրբեջանի կողմից օկուպացվել և հայաթափվել է 1987 թվականին), մի հայկական եզերքում, որը հայությանն ու աշխարհին տվել է Խորհրդային միության 2 մարշալ (Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան), 12 գեներալ, 7 ԽՍՀՄ հերոս։

Եվ ահա, հերոսների էստաֆետը պիտի վերցներ Անահիտը՝ խտացնելով հայ մարտական ու անկախական հոգու հատկությունները։ Իսկ մինչև այդ, հայուհին պիտի անցներ դժոխքի բոլոր պարունակներով, փորձությունների բովով, որպեսզի Հայրենիքի համար օրհասական պահին հնչեցներ պայքարի ու հաղթանակի Մարտակոչը։

Բաքվում ապրելով ամեն օր սարսափելի դեպքերի մասին էին լսում ու ականատես լինում։ Ամուսնու հետ որոշում են վերցնել երեխաներին ու գալ Հայաստան։ 1989 թ հոկտեմբերի 27-ին առավոտյան ճանապարհ են ընկնում, երկու թաղամաս էլ չէին անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ էր, կտրում են նրանց ճանապարհն, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։ Անահիտը և որդիները հրաշքով փրկվելով հասնում են օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռով մեկնում Երևան, այնտեղից էլ՝ տեղափոխվում Բագրատաշեն գյուղ (ՀՀ Տավուշի մարզ), Անահիտի ծնողների մոտ։

1991 թ․-ի հոկտեմբերին թողնելով երեխաներին ծնողների մոտ մեկնում է առաջին գիծ՝ վրեժ լուծելու։ Հավաքակայանում մերժում են նրան տարիքից շատ ավելի փոքր՝ 24տ․ 45կգ, երևալու պատճառով։ Սակայն ադրբեջաներեն իմանալու շնորհիվ նա կարողանում է մեկնել մարտի դաշտ՝ որպես բուժքույր։ Մարաղայից հետո, երբ ապաքինվեցին իր փրկած 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը, որը գտնվում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի ենթարկայության ներքո։ Պարգև Սրբազանը այդ ջոկատին կցեց նաև Ռուսաստանից ժամանած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին՝ այդկերպ ձևավորելով հետախուզական ջոկատը։

1992 թվականի ապրիլից Անահիտ Մարտիրոսյանը ղեկավարեց «Անահիտ» ջոկատը։ Նույն թվականին նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց և կատաղի դիմադրություն ցույց տվեց։ «Անահիտ» ջոկատին հաջողվեց հակառակորդին շրջափակման մեջ գցել և 14 հոգու գերեվարել։ Նրանց թվում Անահիտի Բաքվի հարևանն էր, ում հայրն ադրբեջանցի էր, մայրը՝ հայ։ 1993-ի օգոստոսի 26-ին Մարտակերտում քաջարի հայուհու կողքին արկ է պայթում, ինչից հետո նա շուրջ վեց ամիս կուրանում է։ 

1992-1994 թվականներին Ա․Մարտիրոսյանը մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է։ 1994 թվականից ծառայության է անցնում ՀՀ ԶՈՒ-ում։ Անահիտ Մարտիրոսյանը 2010 թ. պարգևատրվել է Արիության մեդալով, իսկ 2014 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բայց իրական ու ամենասուրբ պարգևը մեր հերոսուհու համար Հող Հայրենին ու նրա հերոսափառ պայքարն է։

Այո՛, Անահիտը ոչ միայն արժանապատվորեն դիմացավ կյանքի բոլոր հարվածներին, այլև դարձավ պայքարի վառ օրինակ, սերունդների, հատկապես՝ կանանց ու աղջիկների համար հայրենանվեր կենսակերպի օրինակելի խորհրդանիշ, որովհետև Հայրենիքին զինվորագրվելու համար ոչ տարիք, ոչ սեռ, ոչ կարգավիճակ, ոչ էլ այլ առանձնահատկություններ են պետք․ միակ պայմանը, թերևս, ճշմարիտ, արժանապատիվ ու հայրենատեր հայ լինելն է։

Հ․Գ

 
 
 

Ցավոք, տեղեկացանք, որ Անահիտ Մարտիրոսյանի առողջական վիճակն այս պահին վատթարացել է։ Մահվան աչքերին նայած ու հաղթած, հազարավոր մարտընկերների փրկած, շատ հաճախ էլ՝ բուժած մեր հերոսուհին այսօր, ցավոք, բուժման ու վիրահատության կարիք ունի (ընդհանուր առմամբ՝ Անահիտը 28 վիրահատություն է տարել)։ Նրան օգնելու հարցում պետությունը լռում է, հերոսը՝ նույնպես, սակայն անսահման համեստությունից ու արժանապատվությունից։ Բայց մենք, նրա սխրանքն ու կյանքը գնահատողները նման իրավունք չունենք։ Եվ ուրեմն, մեծարե՛նք ու կանգնե՛նք Հերոսի կողքին, որ մեր կողքին էր Հայրենիքի փորձության բոլոր ժամերին ․․․:

Արա Ալոյան
Lurer.com