«Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը համարում եմ ևս մեկ դիվանագիտական պարտություն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ. Մհեր Աբրահամյանը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 11-ին։ «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- նշված է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մ. Աբրահամյանի արձանագրմամբ, իհարկե, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ոչ մի կերպ չի խանգարում, որպեսզի երկու երկրների ղեկավարների միջև հեռախոսազրույց կայանա, սակայն այստեղ հատկանշականն այն է, որ այս զրույցը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր և պարտված վիճակում: Եվ հատկապես պարտվել է մի երկրի, որը հաղթանակ տարավ հենց Թուրքիայի և Էրդողանի անմիջական հովանավորությամբ, և ինձ համար շատ կասկածելի և անվստահելի է այս հեռախոսազրույցը:
«Այստեղ Թուրքիան օգտագործեց փափուկ ուժի բոլոր այն գործոնները, որոնք նա տարիներ, կարելի է ասել, դարեր շարունակ օգտագործում է, և հատկանշականն այն է, որ Էրդողանը անգամ իր չափավոր իսլամիստ և կրոնական լինելու փաստը նաև արձանագրեց՝ շնորհավորելով Քրիստոսի պայծառակերպության տոնը»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիան այժմ իրականացնելու է փափուկ ուժի բոլոր գործոնները՝ կապված Հայաստանի հետ, և սա կարելի է համարել առաջին քայլը:
«Այստեղ ես մեծագույն վտանգներ եմ տեսնում, քանի որ Էրդողանը պայման դրեց, որ պետք է հրատապ իրականացվեն այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք կապված են սահմանների բացման հետ՝ երրորդ երկրների համար, ինչը լի է վտանգներով, և հատկապես հիմա, քանի որ Հայաստանը լիարժեք անվտանգային համակարգ չունի: Ուստի այս հեռախոսազրույցը, ես համարում եմ այս պահին շատ շտապ և սխալ իրականացված իրողություն՝ հաշվի առնելով այսօր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում Թուրքիայի ագրեսիվ գործողությունները»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Նրա փոխանցմամբ՝ թուրքական կողմը հեռախոսազրույցի մասին տարածել է գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություն, եւ թուրքական մամուլն այն ներկայացնում է թուրքական փափուկ ուժի տեսանկյունից:
«Այսօր, կարելի է ասել, թուրքական ընդդիմադիր մամուլ, որպես այդպիսին, շատ քիչ է մնացել և ինչ ընդդիմադիր մամուլ էլ եթե կա, որը կարող էր սրան որևէ կերպ արձագանքել, ապա չի արձագանքում, քանի որ ընդդիմադիր մամուլը ևս, իր գաղափարախոսությամբ հակված է դեպի Հայաստանը՝ Թուրքիայի ունեցած դարավոր ծրագրով: Ուստի, այս հեռախոսազրույցը և սրա բարձրաձայնումը հայկական իրականության մեջ և Հայաստանյան այսօրվա դե ֆակտո իշխանության կողմից ես համարում եմ Հայաստանի ևս մեկ դիվանագիտական պարտություն և Հայաստանի ևս մեկ շտապողական, ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտություն»,- նշել է Մհեր Աբրահամյանը:










