Գնաճը շարունակվելու է մինչեւ 2023թ.։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը՝ միաժամանակ նշելով, թե նախարարությունը երբեք չի ունեցել գործիքակազմ՝ գնաճը զսպելու համար։
«Կարող ենք ընդամենը բարձրացնել մարդկանց թոշակները, աշխատավարձերը, որպեսզի մարդիկ իրենց խնդիրները լուծեն»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ 2023 թվականին նախատեսվում է մինչեւ 6 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները նպաստները։
Նկատենք, որ եթե թոշակառուների թոշակը բարձրացվում է մի քանի հազար դրամով, ապա նախարարների աշխատավարձը բարձրացվել է մինչեւ 1,5 մլն դրամի, պատգամավորներն էլ շարունակում են պարբերաբար ստանալ պարգեւավճարներ։
Լրագրողի այն հարցադրմանը, թե որպես սոցապնախարար արդարացված համարո՞ւմ է այս սոցիալական խնդիրների, աղքատության ճիրաններում գտնվող մեր քաղաքացիների ապրելակերպի ֆոնին ընդհանուր պետական ծախսերը, մասնավորապես պարգեւավճարների բաժանման համակարգը, թանկարժեք մեքենաների ձեռքբերումը, գործուղումները էկզոտիկ կղզիներ՝ Բալի եւ բադեն-բադեններ՝ նախարարը պատասխան չգտավ։
Մկրտչյանը հայտարարեց, թե բարեփոխումներ իրականացնելու համար պետք է հաշվի առնել միջազգային փորձը՝ նշելով, թե առանց միջազգային փորձի, միջազգային գործընկերների հետ շփումների, համագործակցության չեն կարող ռեֆորմներ իրականացնել ու կփակվեն քարանձավում։
Լրագրողի հարցին՝ թե պետք է կես միլիոն պարգեւավճար տան պատգամավորներին, որպեսզի դո՞ւրս գան քարանձավից՝ նախարարը հրաժարվեց պատասխանել։










