Այսօր 2528 մ բարձրություն ունեցող Հատիս լեռան վրա տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձան համալիրի տեղադրման աշխատանքների մեկնարկը, որին մասնակցելու համար հատուկ Հայաստան է ժամանել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Աստծո կամոք են տեղն ընտրել։ «Ամբողջ Հայաստանը երևում է այստեղից, ամենաճիշտը սա էր, որ բոլոր տեղերից պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին: Խոսակցություններ կար, որ պատմամշակութային տարածքներում չլինի, մենք էլ ընտրեցինք ոչ պատմամշակութային վայր, սա երևում է բոլոր տարածքներից, ինչպես՝ Բրազիլիայում»,-ասել է Ծառուկյանը։
Նրա փոխանցմամբ՝ դեպի Հատիս լեռ ճանապարհը բարեկարգվելու է, բացի այդ՝ կառուցվելու է 5 կմ երկարությամբ ճոպանուղի։ «Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու»-ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նա չմանրամասնեց, թե արձանը տեղադրելու համար որքան ներդրում է կատարելու։ Ծառուկյանի խոսքով` արձանի առաջին հարկում լինելու է թանգարան, արձանի տարածքում ոչինչ չի լինելու, իսկ լեռան ներքեւում լինելու են քոթեջներ, սրճարաններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ևս ներկա էր միջոցառմանը, հայտարարեց, թե արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։ «Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք՝ Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի»,-ասաց Քերոբյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի, Վահան Քերոբյանի կողմից ստորագրվեց շինարարության սկիզբն ազդարարող փաստաթուղթ, որի կրկնօրինակը Գագիկ Ծառուկյանի մայրը դրեց կառուցապատման հիմքում:










