Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը


Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը
Հունիս 27 15:48 2022

Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:

Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս էր եկել ափերից եւ ողողել մայրուղին, որը տանում էր վրաց-ռուսական սահման: Վնասվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի):

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ընդամենը վնասվել է ճանապարհի մինչեւ 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ է եղել վերականգնողական աշխատանքներին:

«Վայրում գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները եւ ստուգում անհրաժեշտ բոլոր միջոցառումները կարճ ժամանակում երթեւեկությունը վերականգնելու համար, նշում են գերատեսչությունում: Ներկայում նշված տեղամասում արգելված է երթեւեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Բացի այդ, աշխատանքն է դադարեցրել «Կազբեգի» հսկիչ անցակետը:

 

Համապատասխանաբար, «Կազբեգի» հսկիչ անցակետում դադարեցվել են բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ապրանքների ներկրումը կամ արտահանումը, ինչպես նաեւ սահմանի հատումը ֆիզիկական անձանց կողմից: Անվտանգության նպատակներով «Կազբեգի» հսկիչ անցակետի բոլոր աշխատակիցները եւ այցելուները տեղափոխվել են այլ վայր:

 

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: