Սփիւռքի գլխավոր հանձնակատարի վերջին այցը գաղտնի է պահվել «հայրենի» ԱՄՆ-ում


Սփիւռքի գլխավոր հանձնակատարի վերջին այցը գաղտնի է պահվել «հայրենի» ԱՄՆ-ում
Հունիս 5 12:20 2022
Վերջին օրերին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ արևելյան ափում: Այս մասին հանրությունը տեղեկացվել է հունիսի 3-ին գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից, երբ հանձնակատարին արդեն հաջողվել էր տեղում մի քանի հանդիպումներ կազմակերպել:
 
Դա այն պայմաններում, երբ ընդունված ընթացակարգի համաձայն պետական պաշտոնատար անձանց գործուղումների, աշխատանքային այցերի, տարեկան արձակուրդի տրամադրման, նաև գործողումների հետաձգման կամ չեղարկման մասին ՀՀ վարչապետի կողմից ստորագրվում է համապատասխան որոշում և հրապարակվում է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում:
 
Նույն ընթացակարգը մինչև վերջերս պահպանվել էր նաև Սփյուռքի գլխավոր հաձնակատարի դեպքում: Օրինակ ՀՀ վարչապետը 2021 թվականի օգոստոսի 18-ին Զարեհ Սինանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է www.e-gov.am կայքում (https://www.e-gov.am/decrees/item/23709/) կամ 2022 թվականի ապրիլի 29-ին նրան աշխատանքային այցով Սիրիա, Լիբանան և Իրան գործուղելու մասին որոշում է ստորագրել (https://www.e-gov.am/decrees/item/24689/), ինչը հետագային՝ մայիսի 10-ին ստորագրված մեկ այլ որոշմամբ Իրանի դեպքում թվականի փոփոխություն է կրել (https://www.e-gov.am/decrees/item/24716/):
Ի դեպ, այս վերջին որոշումը կարծես թե դարձավ Զարեհ Սինանյանի այցերի կապակցությամբ հրապարակվող վերջին «բաց» տեղեկատվությունը: Մեկ անգամ հետաձգվելով, մայիսի 20-ից 25-ի համար ծրագրված Զարեհ Սինանյանի այցն Իրան տեղի համայնքի մեծամասնության և ազգային իշխանության կողմից մերժվելու պատճառով հենց այնպես էլ տեղի չունեցավ: Իսկ հետաքրքիր կերպով և ընդունված ընթացակարգի խախտումով այդ այցի չեղարկման կամ վարչապետի որոշման մեջ փոփոխություն կատարվելու կապակցությամբ էլեկտրոնային կառավարման կայքում որևէ տեղեկություն չկա: Փաստորն Զարեհ Սինանյանի այցն Իրան ոչ «տեղի է ունեցել», ոչ «չեղարկվել է» և ոչ էլ «հետաձգվել է»:
 
Թվում է հենց իրանյան այցի հետ կապված սկանդալն էլ Հայաստանի իշխանություններին պարտադրել է Զարեհ Սինանյանի դեպքում բացառություն անելով նրա այցերի կապակցությամբ տեղեկատվությունը հնարավորինս գաղտնի պահել, խուսափելու համար անախորժ ու անցանկալի անակնկալներից:
Ըստ հրապարակված տեղեկությունների Զարեհ Սինանյանն առաջիկա օրերին մեկնելու է «հայրենի» Լոս Անջելես, ինչը նույնպես հանրությունից գաղտնի է պահվել:
Դժվար չի գուշակել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի այցերի ու հատկապես վերջին այցի «խիստ գաղտնիության» դրոշմ կրելու պատճառը:
 
Պատկերացնում էք որքան ամոթ կլիներ, եթե Իրանի օրինակով ու համայնքային մերժման պատճռավ չեղրակվեր Զարեհ Սինանյանի այցը սփյուռքյան մի համայնք, որի անդամների քվեներով նույն Զարեհ Սինանյանը ժամանակին քաղաքային խորհրդի անդամ ու նաև երկու շրջան քաղաքապետ էր ընտրվել: