«Կես բուռ հայ ենք մնացել ու մի բուռ երկիր՝ ի՞նչ եք ուզում իրարից». Արմեն Էլբակյան


«Կես բուռ հայ ենք մնացել ու մի բուռ երկիր՝ ի՞նչ եք ուզում իրարից». Արմեն Էլբակյան
Մայիս 31 19:18 2022

«Ես շատ մտահոգված եմ, անչափ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Էլբակյանը՝ խոսելով երկրում ստեղծված հետպատերազմյան, ինչպես նաև՝ վերջին շաբաթների ներքաղաքական լարված իրավիճակի մասին։

Ռեժիսորը վրդովված է, ասում է՝ իր համար խիստ անհասկանալի է՝ ինչո՞ւ են ուժայինները փողոցային պայքարի ելած մարդկանց վայրենի կերպով խոշտանգում. «Մարդիկ այդ կերպ իրենց բողոքն ու անհամաձայնությունն են հայտնում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է մեր երկրում, այն ամենի, ինչն անընդունելի է իրենց համար, ընդ որում, շատ ու շատ հարցերում՝ ինձ համար նույնպես։ Եթե այդ մարդիկ օրենք չեն խախտում, եթե նրանք ագրեսիվ և վտանգավոր գործողություններ չեն կատարում, կամ անընդունելի վարքագիծ չեն դրսևորում, ինչո՞ւ է Ոստիկանությունն այդպես վերաբերում այդ մարդկանց հետ, բիրտ կոպիտ կերպով ոլորում է մարդկանց ձեռքերը, վնասելով, քարշ տալով տանում նրանք, մինչդեռ, այդ մարդիկ, ընդամենն, իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնում այն ամենի վերաբերյալ, ինչ նրանց համար անընդունելի է, ընդ որում, այդպիսի մարդիկ շատ են։ Ի՞նչ է պատահել, այդ մարդիկ հա՞յ չեն, կամ ի՞նչ է՝ նրանք զրկվա՞ծ են իրավունքից՝ իրենց երկրում բարձրացնել իրենց բողոքի ձայնը, խոսել իրենց անհանգստացնող խնդիրներից։ Կես բուռ հայ ենք մնացել ու մի բուռ երկիր, ի՞նչ եք ուզում իրարից։ Պարզ չէ՞ եթե երկիրը ճիշտ կառավարվեր, մենք այս իրավիճակում չէինք հայտնվի։ Այդ մասին է պետք մտածել»,- նշում է ժողովրդական արտիստը։

 

Ինքը Ֆրանսիայի հրապարակում չի լինում, ասում է՝ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ կան, բացի այդ, վերջին շրջանում, բացառապես, ամբողջ ժամանակն ու ներուժը տրամադրել է նոր բեմականացման աշխատանքներին՝. Բրեխտի «Արտուրո Ուիի կարիերան»-ն է շուտով լինելու Մայր թատրոնի բեմում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Էլբակյան ստեղծագործողի քաղաքական դիրքորոշմամբ, կամ ցանկանում են լսել նրա բողոքի ձայնը՝ երկրում կատարվող՝ իր համար անընդունելի երևույթների վերաբերյալ, բեմադրիչը հրավիրում է Մայր Թատրոն՝ ներկա գտնվելու ներկայացման ցուցադրությանը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք որպես մտավորական, մարդ ով ահռելի ավանդ ունի հայ ժամանակակից մշակույթի գործում, ընդունելի համարում է ինքն Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում, Արմեն Էլբակյանը պատասխանում է՝ Արցախն ինքն իրենով վաղուց, արդեն, վաստակել է ազատ լինելու իր լիարժեք իրավունքը, հետևաբար, որևէ երկրի կազմում, ինքն Արցախը չի տեսնում։ Ինչ վերաբերում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում թեզին, ապա սա, նույնիսկ, քննարկման ենթակա հարց չէ և չի կարող լինել, ամփոփելով զրույցն ասում է Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստը։