ԱԳՆ պատասխանն Ալիևի հայտարարությանը պարզապես անհետևանք կրակոց է օդի մեջ. Գառնիկ Դավթյան


ԱԳՆ պատասխանն Ալիևի հայտարարությանը պարզապես անհետևանք կրակոց է օդի մեջ. Գառնիկ Դավթյան
Մայիս 28 18:31 2022

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին Արցախի օկուպացված Կովսականի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պետք է ավելացնի իր հզորությունը, քանի որ ուժի գործոնը չափազանց կարևոր է: «Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես ասում էի, որ միջազգային իրավունքը չի գործում։ Ես ասում էի, որ մենք ինքներս չպետք է խաբենք մեզ, մենք պետք է էլ ավելի հզորանանք, ուժ հավաքենք և հարկ եղած դեպքում թշնամուն ուժով քշենք «մեր հողից»: Մենք նաև ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը: Պատերազմից  հետո ստեղծվել են նոր զինված կազմավորումներ, գնվել է նոր տեխնիկա, և մենք կշարունակենք դա անել։ Որովհետև եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարողանա ապրել այնպես, ինչպես ուզում ենք»,- հայտարարել է Ալիևը:

44-օրյա պատերազմից հետո Ալիևը պարբերաբար նշել է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և Հայաստանն այլևս կարիք չունի սպառազինվելու, բանակ ունենալու:

 

Ալիևի հայտարարությանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել՝ որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայաստանի իշխանության կողմից այդքան բարձրաձայնված «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության պայմանագրի» համատեքստում ինչո՞վ է պայմանավորված Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, և ինչո՞ւ են Հայաստանի կողմից պատասխան քայլերը սահմանափակվում միայն ԱԳՆ մակարդակով տարածած հայտարարություններով:

«Նիկոլ Փաշինյանի՝ երկրորդ անգամ ընտրվելուց հետո, Ալիևի հայտարարությունների որակը կտրուկ փոխվել է, դարձել է ավելի ռազմատենչ ու սպառնալից: Պատճառը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ալիևի ախորժակն է, և ունի երկու նպատակ. Առաջինը` հոգեբանական ճնշման միջոցով հնարավորություն չտալ հայ ազգին համախմբվելու և դիմագրավելու մարտահրավերներին, երկրորդը՝ Արցախի հարցում կոնկրետ զիջումներ կորզելու, այսինքն՝ Հայաստանին նոր պատերազմի սպառնալիքով ստիպի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով պատերազմի ելքը, Ադրբեջանը կարողացել է միջազգային հանրության մոտ տրամադրություններ ստեղծել, որ Հայաստանը թույլ է և կապիտուլյացված, ինչն էլ թույլ է տալիս «ուժեղին» խոսել ուժի դիրքերից:

«Ալիևի կողմից պարբերաբար տեսնում ենք ագրեսիվ պահվածք, նկրտումներ ՀՀ տարածքի նկատմամբ, հետևաբար՝ պետք չէ ակնկալել, որ այսօրվա կեղծ և դատարկ «խաղաղության դարաշրջան» թեզը կարող է դրական պտուղներ տալ: «Խաղաղության դարաշրջանը» Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որը նպատակ ունի սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի աշխարհաքաղաքական շահերը և պահել սեփական աթոռն ու իշխանությունը»,- նշեց Գառնիկ Դավթյանը:

Համարժե՞ք է արդյոք ՀՀ ԱԳՆ արձագանքն ու պատասխան հայտարարությունն ալիևյան ագրեսիվ հռետորաբանությանը, նկատելի՞ են որոշակի կոշտ դիրքորոշումներ հայտարարության մեջ հարցադրումներին՝ Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ ԱԳՆ պատասխանն Ալիևի հայտարարությանը պարզապես անհետևանք կրակոց է օդի մեջ, որովհետև հայտարարությունից բացի, այլ բան անելու նպատակ չունեն:

«Հայաստանը կարող էր Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով: Դրա համար կար ապացուցողական հարուստ հենք: Դա չեն անում, բավարարվում են միայն դատարկ հայտարարություններով, որը որևէ արդյունք կամ հետևանք չի ունենալու: Այդ հայտարարությունների հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ սպասարկում են հայկական շահը: ԱԳՆ հայտարարությունը մի կողմից՝ սպառում է ներքին օրակարգը, մյուս կողմից էլ՝ տպավորություն է ստեղծում, որ աշխատում է ու դիմադրում է ադրբեջանական հռետորաբանությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Աննա Դեմիրճյան

168.am



loading...