Ծառն ընկել է մեքենայի վրա՝ մոտ երկու միլիոն դրամի վնաս հասցնելով քաղաքացու ապրուստի միակ միջոցին


Ծառն ընկել է մեքենայի վրա՝ մոտ երկու միլիոն դրամի վնաս հասցնելով քաղաքացու ապրուստի միակ միջոցին
Մայիս 23 13:14 2022

 

Շիրազ Մկրտչյանի համար հերթական աշխատանքային օրն էքստրեմալ պայմաններում է անցել։ Ընթացքի պահին, ուժեղ քամու հետևանքով, ծառն ընկել է իր մեքենայի վրա և բավականին լուրջ վնաս հասցրել։ Ընտանիքի ապրուստի միջոց հանդիսացող մեքենան այնքան ժամանակ է կանգնած մնալու, քանի դեռ քաղաքապետարանից արձագանք չկա։ Շիրազի խոսքով՝ եթե հարյուր կամ երկու հարյուր հազար դրամի հարց լիներ, ինքն էլ կվերանորոգեր մեքենան, բայց խոսքը մոտ երկու միլիոն դրամ ծախսի մասին է։ Վնասի փոխհատուցում քաղաքապետարանն իրականացնում է, բայց ոչ բոլոր դեպքերում։

Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ հետ զրույցում նշեցին, որ նախ քաղաքացին պետք է դիմում ներկայացնի, որում առկա կլինեն դեպքի բոլոր մանրամասներն ու վնասված գույքի նկարները։ Փաստորեն, փորձաքննությունից հետո միայն պարզ կդառնա՝ քաղաքապետարանը փոխհատուցելո՞ւ է վնասը, թե՞՝ ոչ։ Շիրազ Մկրտչյանը նշում է՝ դեպքերից առաջ ընկնել չի ուզում, բայց եթե փոխհատուցում չլինի, ապա ինքը դիմելու է դատարան։