Երևանն ու Բաքուն խաղեր են տալիս, Մոսկվան նկատում է ամեն ինչ ու հարցին այլ թափով «կվերադառնա» Ուկրաինայի պատերազմից հետո. Տարասով


Երևանն ու Բաքուն խաղեր են տալիս, Մոսկվան նկատում է ամեն ինչ ու հարցին այլ թափով «կվերադառնա» Ուկրաինայի պատերազմից հետո. Տարասով
Մայիս 13 21:00 2022

 

Երկար դադարից հետո նախօրեին ՌԴ հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններ տեղի ունեցան: Ինչպես բոլոր միջազգային հանդիպումների ու հատկապես բարդ բանակցային գործընթացների դեպքում, կարևոր են դրանց արդյունքում տարածվող հայտարարությունների դիվանագիտական շեշտադրումները: Այսպիսով՝ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել է՝

  • 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:
  • տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
  • Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։
  • հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում՝ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ

 
  • արձանագրվել է առաջընթաց եռակողմ համաձայնագրերի իրականացման հարցում, այդ թվում՝ ջանքերը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները, ինչպես նաև կողմերի խնդրանքով ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման, սահմանագծման գործընթացի ուղղությամբ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
  • Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախապատրաստման թեմաները, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը բովանդակային առումով կրկնում էր հայկական կողմի տարածած հայտարարությունը, բացառությամբ անդրադարձի հումանիտար խնդիրներին: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման համաձայնագրին, այսինքն՝ այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրին, որը, ըստ էության, Միշելի օրակարգն է, անդրադարձել է միայն ՌԴ ԱԳՆ-ն: Եռակողմ բանակցությունների արդյունքում տարածված հաղորդագրություններում կրկին որևէ խոսք չկա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին, թեև Դուշանբեում Միրզոյանը մասնակցել էր ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Իր հերթին՝ այդ նիստին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն են հստակեցվել և ձևաչափը:

 

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, գնահատելով բանակցությունների արդյունքները, պատասխանելով հարցին, թե բանակցային գործընթացի շրջանակում ինչով է զբաղվելու Բրյուսելը, իսկ ինչով՝ Մոսկվան, նշեց, որ կողմերն ընդհանուր հայտարարություններ են արել, փոխանակվել մտքերով: Սակայն, ըստ նրա, չկա հստակություն ու կոնկրետություն:

«Նախկինի նման օդից կախված է մնում գլխավոր հարցը, թե ով է համակարգելու, վարելու բանակցային գործընթացը: Դուշանբեի հայտարարությունները վերլուծելով՝ կարող ենք ասել, որ Մոսկվան է զբաղվելու, սակայն խնդիրն այն է, որ Բաքուն հայտարարում է, որ գործընթացը կարգավորում է նաև Բրյուսելը, ու այդ դիրքորոշումը նրանց կողմից հերքված չէ: Դեռ կան ընդհանուր հայտարարություններ առանց հստակության, իրավիճակը դեռ օդից կախված է: Ակնհայտ է, որ Մոսկվան և Բրյուսելը չեն կարող գործընթացով զբաղվել զուգահեռաբար, չեն կարող այն կիսել, նրանք հատկապես ներկայումս անհամատեղելի են՝ որպես միջնորդներ, որոնք կարող են միասին աշխատել որևէ կարգավորման շրջանակում»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը:

Նա նաև ընդգծեց, որ Մոսկվայի տեսանկյունից ներկայումս այնպես է ստացվել, որ ղարաբաղյան հարցը Մոսկվայի համար երկրորդական ճակատի է վերածվել: «Մենք ներկայումս այլ խորությամբ զբաղվում ենք Ուկրաինայով, Ուկրաինայից հետո ավելի լրջությամբ ենք զբաղվելու Կովկասով: Ներկայումս Մոսկվայի համար ամենակարևորը հարավկովկասյան տարածաշրջանը լարումից հեռու պահելն է»,- ասաց Տարասովը: Իսկ իրականում, ռուս վերլուծաբանի խոսքով, Բրյուսելի մասնակցությունը գործընթացին որոշում է ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն ու Երևանը՝ իրենց որոշումներով, նրանք խաղում են երկու հարթակներում:

«Իհարկե, Մոսկվան այդ ամենը նկատում է, սակայն այս տարածաշրջանում ավելի կակտիվանա Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո: Բնականաբար, ռուսական քաղաքականությունն ՈՒկրաինայից հետո Հարավային Կովկասում այլ վճռականություն է ունենալու»,- ասաց Տարասովը՝ ակնարկելով, որ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոսկվայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարացել է, Մոսկվան ավելի թույլ է դիտարկվում: