Շուշիի գորգերը կտեղափոխվեն և այսուհետև կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում


Շուշիի գորգերը կտեղափոխվեն և այսուհետև կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում
Մայիս 13 16:25 2022

44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի ներքո փրկված մոտ 170 գորգերը կտեղափոխվեն Հայաստանի պատմության թանգարան: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը, հավելելով, որ Շուշիի գորգերն այսուհետև ցուցադրվելու են հենց այս թանգարանում.

«Տեղը միայն Շուշիի հավաքածուի համար է  նախատեսված: Արցախի տարբեր ցուցանմուշներ տաբեր թանգարաններում ցուցադրվում են»,- նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ թանգարանում այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, և երբ այդ հարցերը լուծվեն՝ գորգերը կտեղափոխվեն:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն էլ  տեղեկացրեց, որ իրենց հատկացվել է թանգարանի երկրորդ հարկը, որն ընդգրկում է 5-6  փոքր դահլիճ, ընդհանուր առմամբ 450քմ է և գուցե մինչև հունիս ամսվա վերջ հնարավոր լինի տեղափոխվել:

Հիշեցնենք, որ գորգերը ժամանակավորապես պահվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց գորգերը տեղափոխելու պահանջ էր ներկայացվել: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը խոսելով կայացած որոշման մասին՝ ասել էր.

«Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել: Էքսպերտիզան վերջացել է արդեն, բայց գիտեմ, որ գորգերը տանելու տեղ չունի: Ես գիտեմ, որ սա փակուղի է, որտեղ մեր կամքով չենք հայտնվել: Անհասկանալի վիճակ է ստեղծվել, և պետք է միասին փորձենք այդ փակուղուց դուրս գալ: Ուզում եմ ասել՝ Շուշիի գորգերի թանգարանն ընդունեցի ես, ընդունեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, ուրիշ ոչ ոք, հասկանո՞ւմ եք: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»,- կայացրած որոշումը այսպես էր հիմնավորել Մարկ Գրիգորյանը:

 

 

 

 



loading...