Հղի կնոջ վրшերթի գործով Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանը ՁՊՎ-ում է. պաշտպանը պնդում է՝ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել, թեեւ ՔԿ-ն ու ականատես վկան փաստել են հակառակը


Հղի կնոջ վրшերթի գործով Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանը ՁՊՎ-ում է. պաշտպանը պնդում է՝ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել, թեեւ ՔԿ-ն ու ականատես վկան փաստել են հակառակը
Ապրիլ 27 20:06 2022

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող անձնակազմի ներկայացուցիչ, ոստիկանության սպա Արամ Նավասարդյանը՝ «Ծեծեմ Արամ»-ը, որը ձերբակալված է 28-ամյա հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու վերաբերյալ քրեական գործով, գտնվում է ՁՊՎ-ում, դեռևս ցուցմունք չի տվել։

Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ձերբակալման իրավաչափության հարցը չի վիճարկվել՝ հաշվի առնելով գործի շուրջ ստեղծված լարվածությունը։ Նավասարդյանը ցուցմունք չի տվել, կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում դեռևս չի ներկայացրել, սակայն պաշտպանը վստահեցնում է՝ Նավասարդյանը գործել է ճանապարհային երթևեկության պահանջների սահմաններում։

 

Հարցին՝ ինչու՞ է դեպքի վայրից հեռացել, գուցե ժամանակին բուժօգնություն ցուցաբերելու դեպքում կնոջ կյանքը փրկել հաջողվեր՝ Բալոյանը պատասխանեց, որ ժամանակին բուժօգնություն ցուցաբերվել է, իսկ վարորդը՝ դեպքի վայրը որոշակի տարածություն անցնելուց հետո կանգնել է, ապա՝ վերադարձել դեպքի վայր, իսկ տեղեկությունները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում։ Ճշգրտող հարցին՝շրջանառվող կոնկրետ որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Բալոյանը նշեց, որ չի ցանկանում գործի քննությանը խանգարել, պետք է քննություն իրականացվի, սակայն հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում, որ դեպքի վայրը թողել է։

Դիտարկմանը, որ ականատեսներ կան, որոնք ասում են, որ դեպքի վայրը թողել հեռացել են, քրեական գործը հարուցված է հենց այդ հոդվածով՝ փաստաբանը նշեց, որ քրեական գործը կապ չունի, եթե կասկածանք է լինում, հարուցվում է, հետագայում՝ քննիչը դրա վերաբերյալ վերջնական դիրքորոշում է հայտնում՝ որոշմամբ։

«Կփորձենք դրա վերաբերյալ ապացույցներ ներկայացնել, մենք էլ ենք չէ՞ պաշտպանվում։ Հիմա, եթե մի բան ասում ենք, կփորձենք՝ ապացուցել։ Մենք էլ՝ հենց այնպես ոչինչ չենք ասում»,- նշեց փաստաբանը։

Իսկ թե ինչ պայմաններում, ինչ նպատակով է Նավասարդյանը վերադարձել դեպքի վայր՝ Բալոյանը պատմեց, որ Շտապօգնության ավտոմեքենան տարել էր կնոջը, ինչից հետո վարորդը գնացել է, դրանից հետո՝ ավտոմեքենան տարել է ՃՈ բակ, ապա՝ նորից վերադարձել դեպքի վայր և մասնակցել քննչական գործողություններին։

«Իր անձը բոլորին հայտնի է, չկա խնդիր՝ փախչելու և այլն, թեև փորձում են այդպես մատուցել ։ Անձը պարզված է, մեքենայի համարները հայտնի է։ Երևի ժամանակներն են այդպիսին, որ այդպես են մատուցում»,- նշեց փաստաբանը։

 

Դեպքի վայրի զննության ընթացքում Նավասարդյանը որոշակի պարզաբանումներ ներկայացրել է, քննիչն էլ՝ արձանագրել։

Փաստաբանը նաև ցավակցություն հայտնեց՝ կնոջ ընտանիքի անդամներին, հարազատներին՝ նշելով, որ դեպքը շատ դաժան էր, հատկապես, որ կինը՝ հղի էր, որևէ մեկը չէր ցանկանա, որ նման դեպք լիներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ Ավելի ուշ նաեւ ՔԿ-ն էր պաշտոնապես հաստատել, որ վրաերթից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայր է վերադարձել ժամը 20:05-ին և մասնակցել կատարվող քննչական գործողություններին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ դեպքի մասին արդեն հայտնի էր դարձել մամուլին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձերբակալվել է վաշտի հրամանատարը։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան