Ալավերդի քաղաքում Դեբեդ գետն ընկած երկու տարեկան փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում՝ ջրահեղձ և անգիտակից վիճակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայրն էր երեխային գցել գետը՝ 3-4 մետր բարձրությունից։ Երեխայի 30-ամյա մայրը ձերբակալվել է՝ սպանության փորձի կասկածանքով։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ հայտնում են, որ երեխայի վիճակը ծանր է գնահատվում։
«Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճոկով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»,- գրել է Գևորգ Դերձյանը։










