«Պատշաճ պայմաններ ապահովեք տղաների հացադուլի համար». Սուրեն Սուրենյանց


«Պատշաճ պայմաններ ապահովեք տղաների հացադուլի համար». Սուրեն Սուրենյանց
Ապրիլ 19 09:53 2022

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «44-օրյա պատերազմի մասնակցիներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին։
Երեկ երեկոյան ես այցելել եմ տղաներին ու, բնականաբար, հորդորել եմ` դադարեցնել հացադուլը։ Ես ու նման հորդորով հանդես եկած այլ մարդիկ տղաներին համոզել դեռևս չենք կարողացել։
Բացարձակապես կարևոր չէ` ընդունելի է տղաների պայքարի ծայրահեղ դրսևորումը կամ նրանց օրակարգը, թե` ոչ։
Դա այլ քննարկման թեմա է, օրինակ` ես, երբ Մարտի 1-ի գործով կալանավոր էի, Սովետաշենի բանտում 15 օր հացադուլ եմ արել ու կարծում եմ` պայքարի այդ ձևն արդարացված է միայն անազատության պայմաններում, երբ իրավունքների պաշտպանության այլ գործիքակազմ, ըստ էության, գոյություն չունի։
Կոնկրետ հացադուլի օրակարգի մասով էլ վստահ չեմ, որ ԼՂ-ի խնդրին, երկրի անվտանգության հարցերին վերաբերող պայքարի լավագույն ձևն անտագոնիզմն է, երբ կան ներքաղաքական դիալոգի, քննարկումների բազմաթիվ գործիքներ։
Ինչևէ, հացադուլը տղաների որոշումն է, որը պետք է հարգել։
Օրինակ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պարբերաբար հացադուլներ ու նստացույցեր են անցկացվում։ Պետությունն ու միայն չի խոչընդոտում դրանց անցկացմանը, այլև թույլատրում է վրանների տեղադրում, որոշ դեպքերում` մունիցիպալ իշխանության մակարդակով, լուծվում է նաև վրաններում ջեռուցում ապահովելու խնդիր, եթե եղանակն անբարենպաստ է լինում։
Ես Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, նման բան անձամբ տեսել եմ 2019-ի գարնանը։
Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական» Հայաստանում հացադուլավորներ տղաներին թույլ չեն տալիս անգամ վրան տեղադրել. նրանց պայմաններն ավելի վատն են, քան իմը, երբ 2008-ին հացադուլի մեջ էի Սովետաշենի բանտի մեկուսարանում։
Կարևոր չէ` տղաների պայքարի ձևն ու օրակարգը ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ. բոլորիս իշխանություններից պետք է պահանջենք` պատշաճ պայմաններ ապահովել տղաների հացադուլի համար»: