Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հադրութցի փոխգնդապետ Ռոման Պողոսյանի ընտանինքն այսօր՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն այցելել էր Եռաբլուր:
Լրագրողների հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը պատմում է, որ արդեն երկրորդ տարին է՝ ինչ այս օրն այցելում են Եռաբլուր, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Հադրութի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո չեն կարողանում այցելել եղբոր գերեզման.
«Մեր պապենական գերեզմանները, մեր օջախը, ամեն ինչ մնացել է թշնամու վերահսկողության տակ: Այս օրն այցելում ենք Եռաբլուր, միևնույն ժամանակ պատկերացնում ենք, որ մեր հարազատի գերեզմանին ենք այցելել»,-պատմում է հերոսի եղբայրը:
Փոխգնդապետ Ռոման Պողոսյանի մայրն էլ պատմում է, որ արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութը լքել են միայն հոկտեմբերի 12-ին, թեև գյուղի բնակիչների մեծ մասն արդեն լքել էին գյուղը.
«Չէինք ուզում դուրս գալ գյուղից, կարծում էինք՝ հեսա հաղթելու ենք, պատերազմն ավարտվելու է, բայց մի օր էլ մեքենաները բերեցին, ասեցին շուտ դուրս եկեք, թուրքերն արդեն գյուղի վերևն են, արդեն Հադրութը վերցրել են»,-հուզված պատմեց հերոսի մայրը:










