Համացանցում լայն արձագանք է գտել զվարճալի տեսանյութը, որտեղ արցախցին ձնակույտը փորելով փորձում է հասնել խանութ՝ հաց գնելու։ AntiFake.am–ը արցախցիների հետ զրույցների շրջանակներում զրուցել է տեսանյութի հեղինակի հետ, որոնք դժվարին իրադրությունը հումորով ներկայացրել են հանրությանը։
— Տի միչև շտեղը՞ս քինան։
— Քինամ մագազինը հաց պերիմ, օտիս։
Մեր զրուցակիցը Արցախի Մարտնու շրջանի Աշան գյուղի բնակչուհի Սաթենիկ Գրիգորյանն է, որը նկարահանել էր խանութ հասնելու համար ձյունը փորող տղամարդուն։
— Ֆեյսբուքյան Ձեր գրառումից հասկացա, որ տեսանյութի հերոսը Ձեր ամուսինն է։
— Այո, ամուսինս է։
— Ի վերջո, Ձեր ամուսինը խանութ հասա՞վ։
— Այո։ ։)
— Հիմա է՞լ է ձյունը այդքան շատ։
— Նկարահանումից հետո տրակտորը մի քանի անգամ անցավ, բայց էլի լիքն է։ Որտեղ ձյուն չկա, կարող ենք մի քիչ տալ (կատակում է Սաթենիկը)։
— Ձեր ամուսինը տրակտորի՞ստ է։
— Ոչ, զինծառայող է, 25 տարվա զինծառայող։
— Դուք արմատներով Աշանի՞ց եք։
— Ես ինքս Շուշիից եմ, ամուսնացել եմ, տեղափոխվել այստեղ՝ Մարտունու շրջանի Աշան համայնք։
— Ի՞նչ եք մասնագիտությամբ։
— Մասնագիտությամբ դեղագետ-պրովիզոր եմ, բայց այստեղ աշխատում եմ որպես աշխատակազմի քարտուղար։
— Քանի՞ տարի եք ամուսնացած։
— 8 տարի, 3 ամիս, ունենք դուստր, սպասում ենք երկրորդ բալիկին։
— Ձեր ամուսինը պատերազմին մասնակցե՞լ է։
— Այո, մասնակցել է Քառօրյային և 2020 թվականի պատերազմին։
— Ձեր գյուղում ինչպե՞ս է իրավիճակը։
— Հիմա համեմատաբար հանգիստ է։
— Այսինքն, մինչ այդ հանգիստ չէ՞ր, կրակոցներ կայի՞ն։
— Մարտի 4-ին կային կրակոցներ, ու թուրքերը գյուղը լքելու մասին իրենց հայտնի ձայնայինն էին միացրել (խմբ,– հայալեզու ձայնագրությունը, որում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կոչ է արվում լքել տարածքը), բայց ոչ մեկս խուճապի չմատնվեց, ամուր կառչած ենք մեր Արցախին։
— Ձեզ մոտ խաղաղապահներ կա՞ն։
— Մեզ մոտ՝ չկան։ Մեր գյուղից ներքև դաշտեր կան, որտեղ լինում են (խմբ,– ռուս խաղաղապահները)։ Կանգնում են, որ հայերը աշխատեն։ Մի անգամ 2021 թվականի հոկտեմբերին այս մասերում խփել են հայ զինծառայողների, վիրավորել։
— Դուք ինչպե՞ս եք Ձեր գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպում։
— Հենց (խմբ,– գյուղի) ներքևի մասում՝ ռուսների աջակցությամբ։ Ռուսները խոսում են հետները, հետո մերոնք գնում են աշխատելու։ Բանվորներ են աշխատում՝ օրավարձով։
— Որտեղի՞ց են բանվորները։
— Աշանից։
— Գազի բացակայությունից առաջացած խնդիրներն ինչպե՞ս եք հաղթահարում։
— Հեղուկ գազով՝ փոքր «բալոնչիկներով», լույսով ․․․
— Տունը կարողանո՞ւմ եք ջեռուցել։
— Գյուղի ջեռուցման միջոցը փայտն է։
— Դժվար չէ՞ նման պայմաններում ապրելը։
— Դժվա՞ր․․․ Ճիշտն ասած՝ շա՜տ․․․ Բայց մեր հերոսները մեզ համար այդքա՜ն բան արեցին․․․ Մենք պիտի մնանք այս հողում, սուրբ հողում։ Սա է մեր հայրենքը, և ճակատագրական թշնամի ունենք՝ թուրքը։ Ի՞նչ արած։ Իմ երկվորյակ հերոս եղբայրներն են զոհվել, ոչ հարազատ, բայց ախպերներս են, բոլորն են մերոնք։ Ինչքան էլ դժվար լինի, կդիմանանք՝ առանց գազ, առանց լույս, առանց համացանցի, միայն չլքենք մեր հայրենիքը, և թուրքն աշխարհին չգոռա, որ հայերը թողեցին ու փախան։ Մեր հզորությունը միասնական ու հավաքական ուժի մեջ է։
— Հուսով եմ՝ բոլորս միասին կկարողանանք հաղթահարել այս դժվարություները։ Ձեր ամուսինը ցանկություն ունի՞ ինչ-որ բան ավելացնել մեր խոսակցությանը։
— Իհարկե։ Ասում է՝ թե՛ պատերազմը, թե՛ թշնամինները, թե՛ դժվար կացությունը, թե՛ ձյունը, ոչինչ չի կարող մեզ ստիպել թողնել ու հեռանալ Արցախից։
— Սաթենիկ, շատ հաճելի էր Ձեզ հետ շփվելը։
— Ձեզ հետ՝ նույնպես։ Շնորհակալ եմ շատ ու անչափ զգացված։ Աշան գաք՝ սիրով հրավիրում եմ մեր տուն։
Ես ու զրուցակիցս պայմանավորվեցինք հյուրընկալել միմյանց։

Լուսանկարում Սաթենիկ Գրիգորյանն է՝ ամուսնու՝ Դավիթ Գրիգորյանի և դստեր հետ։
Զրուցեց Նարինե Ավանեսյանը
Աղբյուր՝ AntiFake.am










