Խաղապահներն իրենց տեղում են, շատերին անձամբ եմ ճանաչում, որ պետք լինի անձամբ կդիմեմ նրանց։ Այս մասին AntiFake.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Թաղավարդ գյուղի բնակիչները գրավոր նամակով դիմել են ռուս խաղաղապահներին՝ իրազեկելով, որ ադրբեջանցի զինծառայողները մուղամով ու գյուղը լքելու պահանջներով ամբողջությամբ խաթարել են թաղավարդցիների բնականոն կյանքը։ «Պետք լինի անձամբ կդիմեմ, ի՞նչ գրավոր»,— ասաց Հարությունյանը։
Մեր հարցին, թե ինչպես են հաղթահարում գազի բացակայության հետևանքով առաջացած դժվարությունները, Հարությունյանը պատասխանեց, որ դժվարություններ իհարկե առաջանում են, բայց գյուղում, քաղաքի համեմատ, ավելի հեշտ է՝ փայտ են վառում։
Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, բնակիչները գյուղը չեն լքել, ամեն ինչ լավ է։ «Հիմա 1,5 մետր ձյուն է եկել, դեռ պարզ չի՝ գյուղն ինչ օգնության կարիք ունի։ Ձյունը, որ հալչի՝ սերմերի և նման բաների կարիք կունենանք»,- եզրափակեց Հարությունյանը։










