Ուկրաինայից մեծ դվարությամբ տարհանված ու հայրենիք վերադարձած Մարիա Պետրոսյանն ահազանգում է. «Ինձ ծանոթ մարդիկ գիտեն, որ ես երկար տարիներ ապրել եմ Ուկրաինայում, որտեղ, կարծում եմ, պետք չէ պատմել, թե ինչ է այսօր կատարվում: Մի քանի օր առաջ, շատ մեծ դժվարությամբ (5 օր գնացքների մեջ, անմարդկային պայմանների պարագայում) 3տ երեխայիս և մայրիկիս հետ, առանց ամուսնուս (նրան պարզապես չթողեցին դուրս գալ երկրից), կարողացանք հատել Լեհաստանի սահմանը:
Թե ինչպես մեզ այնտեղ ընդունեցին, բառերով դժվար է նկարագրել, այդ երկիր ոտք դնելու առաջին իսկ րոպեներից այնքան ջերմություն և ապահովության զգացում ենք նրանցից ստացել (օթևան, սնունդ, երեխային անհրաժեշտ պարագաներ ...):
Լեհաստանում մնալու, կամ մեկ այլ եվրոպական երկիր գնալու բոլոր հնարավորությունները կային, բայց ես գերադասեցի ապաստան գտնել իմ հայրենիքում, չէ որ ես ՀՀ քաղաքացի եմ և ոչ մի տեղ ինձ այնքան լավ չեմ զգա, ինչպես իմ ծննդավայրում:
Գնեցի տոմս (ընկերներս ֆինանսապես օգնեցին, ՀՀ դեսպանատունը մեզ Հայաստան ուղարկելու խնդրանքին պատասխանեց, որ բյուջե չունեն դա կազմակերպելու համար) և մեկնեցինք Երևան:
Ասել, որ առաջին իսկ րոպեներից ապրեցի մեծ հիասթափություն, կնշանակի ոչինչ չասել:
Առաջին «օգնությունը», որ մեր երկիրը մեր՝ կրակից, պայթուններից, ցուրտ ու խոնավ պադվալներից փախած մարդկանց նկատմամբ ցուցաբերեց, ստիպելն էր՝ վճարովի թեստ հանձնել:
Ինձ հետ կային մոտ 15 հոգի, նույն իրավիճակներով Հայաստանում հայտնված, ու բոլորն ապշահար նայում էին միմյանց, ու մտածում, թե ինչպես կարող են մեզ լրիվ օտար երկրները նման ձևով ընդունել, իսկ մեր հայրենիքը, դեռ երկիր ոտք չդրած, մեր գրպաները դատարկել:
Լավ ՀՀ կառավարություն, մի՞թե չէր կարելի կազմակերպել Ուկրաինայից եկած մարդկանց թեստերն անվճար դարձնելու հարցը:
Հարցը բնավ այդ գումարը չէ (չնայած շատերն այնտեղից դատարկ գրպաներով են դուրս եկել) այլ վերաբերմունքը փախստականների նկատմամբ: Գուցե թեստի համար վճարել ստիպելու փոխարեն հարցնեիք մեր որպիսությունը (ինչ-որ օգնություն ցուցաբերելու մասին կարծում եմ անգամ չարժե անկնարկել):
Ի դեպ, Լեհաստանում ոչ մեկի մտքով անգամ չանցավ մեզ թեստ հանձնելու ուղարկել:
___________________________________________
Բնավ հաճելի չէր այդ մասին բարձրաձայնելը, բայց ձայնս հասանելի դարձնելու այլ տարբերակ չգտա:
Ինձ քաղաքականության մեջ չխառնեք, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում:
Հարցը լուծվելու դեպքում անմիջապես այն կհեռացնեմ:
Հ.Գ Ես ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, ես կաշխատեմ և երեխայիս կպահեմ, ես միայն խնդրում եմ մեզ դեռ երկիր ներս չմտած չհիասթափեցնել, կան բարոյական նորմերի սահմաններ, որ չպետք է հատել»: