Էդուարդը մեր դպրոցի ամենալավ, ամենաբարի աշակերտն է եղել. ձգտումներով, ցանկանում էր բժիշկ դառնալ.դպրոցի տնօրենը՝ մահացած ժամկետային զինծառայողի մասին


Էդուարդը մեր դպրոցի ամենալավ, ամենաբարի աշակերտն է եղել. ձգտումներով, ցանկանում էր բժիշկ դառնալ.դպրոցի տնօրենը՝ մահացած ժամկետային զինծառայողի մասին
Մարտ 17 19:54 2022

Էդուարդը մեր դպրոցի ամենալավ, ամենաբարի, խելացի աշակերտն է եղել, շատ հանդարտ, ընկերասեր, կշռադատված խոսքով տղա էր, ձգտումներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հուզված պատմեց Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը՝ խոսելով մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանի մասին.

«Շատ սիրված էր թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից, բարձր առաջադիմությամբ աշակերտ էր, միշտ բարձր գնահատականներ էր ստանում, ուսման հանդեպ մեծ սեր ուներ»,- պատմեց տնօրենը։

Նրա խոսքով՝ Էդուարդ Ռուստամյանը ցանկանում էր բժիշկ դառնալ, հիմնական դպրոցն ավարտելուց հետո՝ 2018թ-ին, ընդունվել է Երևանի բժշկական քոլեջ.

«Մենք հորդորում էինք, որ չգնա դպրոցից, մեր ամենալավ աշաերտներից էր, չէինք ուզում, որ գնա, բայց երբ իմացանք, որ ուզում է բժշկի մասնագիտություն ստանալ, ողջունեցինք նրա որոշումը, այնտեղ էլ է բարձր առաջադիմությամբ սովորել»,-ասաց նա:

Կարինե Հարությունյանը պատմում է, որ Էդուարդ Ռուստամյանը ակտիվ մասնակցել է նաև դպրողական բոլոր միջոցառուներին.

«Շատ լավ երգում էր, պարում էր, նկարում էր, բոլոր միջոցառումներին , օլիմպադիաներին մասնակցում էր, միայն լավն եմ հիշում իր մասին»,-ասաց տնօրենը:

Կարինե Հարությունյանը նաև նշեց, որ էդուարդը ապրում էր հոր, մոր և մեծ քրոջ հետ.

«Երկու քույր ուներ, մեկն աուսնացած է, բնակվում է արտասահմանում, մյուսն էլ սովորում է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում, գերազանց սովորող ուսանողուհի էր, մի խոսքով՝ յուրահատուկ լավ ընտանիք էին»,-ասաց զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն տեղեկություն հաղորդեց, որ մարտի 17-ին` ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Ըստ ՔԿ-ի՝ Էդուարդն ինքնասպանություն է գործել. կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում։