Պատերազմում զոհված մանկատան սանի գերեզմանը «Եռաբլուր»-ում սարքված չէ. մարզպետարանը սկսել է քայլեր ձեռնարկել


Պատերազմում զոհված մանկատան սանի գերեզմանը «Եռաբլուր»-ում սարքված չէ. մարզպետարանը սկսել է քայլեր ձեռնարկել
Մարտ 3 12:56 2022

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված մանկատան սանի գերեզմանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չեն սարքել։ Վանաձորի մանկատան կոլեկտիվը վրդովված է։ Դաստիարակներն ահանզանգել են փաստաբան Կարինե Գասպարյանին, որը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր տեղեկացել է, որ, կարծես թե, մարզպետարանը միջոցներ է ձեռնարկում։

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում էր դիմել ՄԻՊ-ին, վարչապետին, ՊՆ-ին և մարզպետարանին, սակայն այսօրվա արձագանքն իրեն ուրախացրեց այնքանով, որ մարզպետարանն ինչ-որ գործողություններ իրականացրել է։

Նշենք, որ Գեւորգ Եղշատյանը ծնվել է 2000թ.-ին: Ծնողների մահից հետո նրան խնամում էր մորաքուրը, իսկ 2013 թվականից հետո տեղափոխվել է մանկատուն: Իմացել էր, որ ուներ քույր ու եղբայր, որոնց որդեգրել ու տարել էին Ֆրեզնո:

Գևորգը սովորել է Վանաձորի թիվ 28 դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանի խոհարարական բաժնում, որն էլ ավարտելուց հետո՝ 2018 թվականին զորակոչվել է բանակ:

Գևորգը զոհվել է Ջրականում, հոկտեմբերի 9-ին: