Փետրվարի 20-ին ավարտվել է Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին ներկայացված հայտերի ընդունումը։ Հայտերն ամփոփելու համար կազմվել է խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով մայր աթոռ ս. Էջմիածնից ներկայացուցիչ։
Գաղափարին միացել են անվանի հայեր, սփյուռքահայեր։ Հայտեր են ստացվել աշխարհի տարբեր երկրներից, ընդ որում՝ բավականին մեծ թվով, ուստիեւ խորհուրդը կկայացնի փուլային որոշում։ Երկու շաբաթ անց հայտնի կլինեն հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները։
Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանն՝ ասաց, որ իր հիմնական նպատակն ու ցանկությունը որպես հայ մարդ, քրիստոնյա, այն է, որ Հիսուսի արձանը դառնա մեր երկրի այցեքարտերից մեկը։
«Դա չի նշանակում, որ մենք Քրիստոսին տեսնելու ենք այդ արձանի մեջ։ Պետք է տեսնենք մեր հոգիներում ու սրտերում, սա ազգին համախմբելու, միավորելու, հավատքը վերականգնելու համար է։ Եթե կա հավատք, ուրեմն կա ուժ: Ամեն անգամ, երբ հայ ազգը համախմբվել է, անպայման հասել է իր հաղթանակին:Թող Տերը պահապան լինի մեզ, մեր ժողովրդին, մեր պետությանը:», -ասաց Ծառուկյանը։
Հայտերի ամփոփմանն իր օրհնությունն էր բերել նաեւ Ասողիկ վարդապետը։ «Ես ուրախ եմ, որ Հայոց հայրապետից շնորհ և օրհնություն ունեմ այսօր այստեղ լինելու։ Ինչպես մենք ենք բացառիկ, Աստվածընտրյալ ժողուվուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պետք է լինի յուրահատուկ և լիապես արտահայտի մեր ավանդական, մշակութային, արվեստաբանական մտածողությունը։ Մեր պատմության այս դժվարին փուլին այս գաղափարով մխիթարություն պիտի բերենք մեր ժողովրդին»,- ասաց տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում










