Ֆեյսբուքում արված մեկնաբանության համար տղամարդը հայհոյել է իր ազգականին. գործը դատարանում է


Ֆեյսբուքում արված մեկնաբանության համար տղամարդը հայհոյել է իր ազգականին. գործը դատարանում է
Փետրվար 15 10:22 2022

Ազատուհի Վ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 9-ին իր անվամբ գրանցված ու իր կողմից օգտագործվող ֆեյսբուքյան էջով տեսել է իր ազգական Ռ. Ա.-ին պատկանող խանութ-վաճառասրահին փակցված աշխատանքի՝ այդ թվում հավաքարարի պահանջի մասին հայտարարություն:

Ռաֆայել Ա.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների հետ Ազատուհի Վ.-ի ամուսնու գերեզմանի հարցով գտնվելով դատական վեճերի ու լարված փոխհարաբերությունների մեջ, Ազատուհի Վ.-ն՝ նշված հայտարարության մեկնաբանություններ բաժնում գրել է. «Քեզանից լավ հավաքարար, գնա աշխատի, էլի» մեկնաբանությունը: Դրանից հետո Ռաֆայել Ա.-ն իր ֆեյսբուքյան էջից Ազատուհի Վ.-ին ուղարկել է նրան հասցեագրված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող հաղորդագրություն:

Այս մասին հաղորդում է Իրավաբան.net-ը` հղում անելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին:

Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին:

Ռաֆայել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասով (անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: