Քսաներկուամյա Լոլիտան կրել է լիբանանյան Zuhair Murad նորաձևության տան շքեղ զգեստներից մեկը, որի գինը մի քանի տասնյակ հազար դոլար է: Հայտնի է, որ միջոցառման ընթացքում հարսնացուն զգեստափոխվել է՝ կրելով ավելի հարմար, սակայն ոչ պակաս թանկարժեք հագուստ: Աղբյուրը նկատում է, որ ոչ պակաս ուշադրության են արժանի նաև հարսնացուի շքեղ զարդերը:
«Դժվար է պատկերացնել, բայց եթե ինչ-որ մեկը որոշի գերազանցել այս հարսանիքը, ուրեմն այ միջոցառումը պետք է կազմակերպվի Մարսի վրա»,-մեջբերում է պարբերականը հյուրերից մեկի խոսքը:
The Daily Mail-ը ենթադրում է, որ հարսանեկան ծախսերը հոգացել են նորապսակների ծնողները, որոնք ավելի քան 2 մլն դոլար են վճարել մի շարք հայտնի աստղերի՝ այդ թվում նաև Լեդի Գագային ելույթ ունենալու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Instagram-ում հայտնված տեսանյութերից մեկում համաշխարհային ճանաչում վայելող երգչուհին, նստելով դաշնամուրի առաջ, անկեղծորեն ասել էր, որ երբևէ նման ճոխ հարսանիք չի տեսել:
«Այնքան ուրախ եմ այստեղ լինելու համար, ինչ գեղեցիկ հարսանիք է: Երբեք նման բան չեմ տեսել, ամեն ինչ շատ առանձնահատուկ է: Ես այս դահլիճում «Օսկար»-ի ժամանակ էլ եմ եղել, ու վստահ կարող եմ ասել, որ նման բան չեմ տեսել»,-ոգևորված ասել է երգչուհին, ինչին ի պատասխան հյուրերը սկսել են ծափահարել:
Հայտնի է, որ միջոցառումը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Մինչդեռ հյուրերին իրենց ելույթներով զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան, որոնք սովորականից ավելի են վարձատրվել:
Աղբյուրը նկատում է, որ հարսանիքն իրոք շատ ճոխ կազմակերպված է եղել: Հսկայական ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված աստիճաններին հյուրերին դասական երաժշտության հնչյունների ներքո դիմավորել են ջութակահարները: Մինչդեռ հարսնացուի գերշքեղ զգեստի անվերջանալի թվացող պոչը գեղեցիկ թափվել է աստիճանների վրա:
Հետաքրքրական է, որ հյուրերի թվում եղած հայտնի ոսկերիչ Լորի Ռոդկինը, չկարողանալով զսպել ոգևորությունը, Instagram-ի իր էջում գրել է. «Չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ՝ Ռուսաստանո՞ւմ եմ, թե՞ Հայաստանում, իսկ միգուցե «Ձայնի» հայկական շոուի՞ն»:
Աղբյուրը հավելում է, որ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը, որը ծնվել է Կրասնոդարում, «ՍԿԱՌՏԵԼ» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև «Yota»-ի բաժնետերը: Գործարարն ունի 4 երեխա: Այժմ նա կնոջ հետ ապրում է Բևեռլի Հիլզում, որտեղ 13 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի: