Զարեհ Սինանյանն իր «Գազանություն» օգտահաշվով «Յութուբ»-ում հայհոյանքներ է գրել թուրքերի, ադրբեջանցիների հրապարակումների տակ. Մհեր Բաղդասարյան


Զարեհ Սինանյանն իր «Գազանություն» օգտահաշվով «Յութուբ»-ում հայհոյանքներ է գրել թուրքերի, ադրբեջանցիների հրապարակումների տակ. Մհեր Բաղդասարյան
Հունվար 28 23:53 2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ինտերնետային տիրույթում իր վարքագծի պատճառով ԱՄՆ-ում ևս հայտնվել է աղմկահարույց իրավիճակում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում բնակվող հաղորդավար Մհեր Բաղդասարյանի բացահայտումներից, որը ներկայացվել է «Օձի լեզու» հաղորդման ընթացքում։

Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ Զարեհ Սինանյանը այդ ժամանակահատվածում ունեցել է «Gmail»-ի երկու էջ՝ «Զարեհ Սինանյան» և «Գազանություն» անուններով։

«Երբ պարոն Սինանյանը նոր էր առաջադրվում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի, քաղաքապետի պաշտոնին, նախընտրական շտաբի ողջ գումարը հավաքված էր, նրան սատարել էին և՛ նահանգային իշխանությունները, և՛ ՏԻՄ-երը, և՛ ավանդական կուսակցությունները: Նախընտրական շրջանի ամենաթեժ պահին պարոն Սինանյանը ունենում է «Gmail»-ի երկու աքաունթ (օգտահաշիվ-խմբ.)՝ մեկը պաշտոնական՝ «Զարեհ Սինանյան», մյուսի անունն էլ՝«Գազանություն»։

«Գազանություն» էջում պարոն Սինանյանը սկսում է «Յութուբ»-ում մեկնաբանություններ գրել թուրքերի, ադրբեջանցիների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութերի տակ, որը կարևոր, սուրբ գործ է  յուրաքանչյուր հայի համար։ Մեկնաբանության բաժնում պարոն Սինանյանը օգտագործում է ամենաանթույլատրելի հայհոյանքները, վատ արահայտությունները, դա անում է թուրքերի դեմ, իմ կարծիքով՝ լավ է անում»,- նշում է հաղորդավարը։

Մհեր Բաղդասարյանը մանրամասնում է, որ այդ ժամանակահատվածում «Gmail»-ը նոր գործառույթ է  առաջ բերում՝ «Google+», և ավտոմատ կերպով երկու էջերը սինխրոնացվում են։

««Գազանություն» էջը դառնում է «Զարեհ Սինանյան», այլևս ոչինչ փոխել չի լինի, չես կարող հազարավոր հայհոյանքները գտնել, որ ջնջես, և այդ հայհոյանքները հայտնվում են «Զարեհ Սինանյան» անվան տակ։ Բոլոր քաղաքական ուժերը, ՏԻՄ-երը հրաժարվում են աջակցությունից, հետ են վերցնում  գումարները»,-ընդգծում է նա։

Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ Զարեհ Սինանյանը դեպքից հետո առավել հայտնի է դառնում, ամերիկյան  հեղինակավոր պարբերականներն են նրան անդրադառնում՝ նշելով, որ Սինանյանն արտահայտվել է ռասիստական, հոմոֆոբ, գռեհիկ, ճնշող, հակամուսուլմանական և ռասիստական  արտահայտություններով:

«ԱՄՆ-ում նման դեպքերում քաղաքական կարիերան վերջանում է: Ունենալով քաղաքական ամբիցիաներ՝ նա նման բան չպետք է աներ, բայց լինելով հայ՝ արել է մի բան, որ յուրաքանչյուր հայ կաներ»,-եզրափակում է հաղորդավարը։

Մհեր Բաղդասարյանը հաղորդման ընթացքում ներկայացնում է նշվածի վերաբեյալ ամերիկյան մամուլի հրապարակումները։